
Գոտի. եկեղեցական զգեստներ

Պատարագիչ հոգևորականը շապիկի և փորուրարի վրայից գոտի է կրում: Հին ժամանակներում գոտին եղել է իշխանության նշան, իսկ այսօր այն արտահայտում է օծյալ հոգևորականի իշխանությունը: Գոտին կերպասե զարդարուն ժապավեն է, որն առջևից ամրացվում է ճարմանդով: Այսօր կան գոտիներ, որոնց վրա, մեջտեղում, անշարժ ամրացված է ճարմանդը, գոտին օգտագործելիս մեջքի մասում կապում են ամրակապերով:
Եկեղեցում գոտի կրելու իշխանությունը սկսում է քահանայից: Տրվում է օրհնությամբ ու աղոթքով՝ ձեռնադրության ժամանակ: Սբ. Պատարագի զգեստավորման ժամանակ գոտին կապելիս քահանան ասում է. «Թող հավատի կամարը շրջապատի իմ միտքն ու սիրտը»:
Քահանայական գոտին խորհրդանշում է Քրիստոսի զորությամբ ամրապնդվելն ու հոգևոր արթնության մեջ գտնվելը, ինչպես նաև կատարյալ ողջախոհությունը և մարմնի սրբությունը: