
Ավելի քան 230 հազար կանադացիներ Թրյուդոյին կոչ են արել Մասկին զրկել Կանադայի քաղաքացիությունից

Ավելի քան 230 հազար կանադացիներ ստորագրել են խնդրագիր՝ վարչապետ Ջասթին Թրյուդոյին կոչ անելով ամերիկացի միլիարդատիրոջը և ԱՄՆ կառավարության աշխատանքի արդյունավետության գրասենյակի (DOGE) ղեկավար Իլոն Մասկին զրկել Կանադայի քաղաքացիությունից գրում է Axios-ը:
Միացյալ Նահանգների և նրա հյուսիսային հարևանների միջև լարվածությունը Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք հասել է գագաթնակետին, երբ ԱՄՆ նախագահը և մյուսները, ներառյալ Մասկը, ծաղրում են ԱՄՆ դաշնակցին և կասկածի տակ դնում նրա ինքնիշխանությունը, նշում է լրատվամիջոցը:
«Կանադան իսկական երկիր չէ»,- երկուշաբթի «X» սոցիալական ցանցում գրել է Մասկը՝ արձագանքելով խնդրագրի հրապարակմանը։
Պարբերականի տվյալներով՝ հինգ օրվա ընթացքում խնդրագիրը, որը պնդում է, որ Մասկը դարձել է «օտար կառավարության անդամ, որը փորձում է ջնջել Կանադայի ինքնիշխանությունը», նշանակալի ժողովրդականություն է ձեռք բերել։
Խնդրագրում նաև ասվում է, որ Մասկն «օգտագործել է իր հարստությունն ու իշխանությունը մեր ընտրությունների վրա ազդելու համար» և «զբաղվել է Կանադայի ազգային շահերին հակասող գործունեությամբ» և, հետևաբար, պետք է զրկվի երկքաղաքացիությունից և կանադական անձնագրից:
Ըստ կանադական լրատվամիջոցների՝ Մասկը կանադական քաղաքացիություն ունի մոր միջոցով, ով Սասկաչևանից (Saskatchewan) է։ Նա երկու տարի սովորել է Կանադայի Քուինս համալսարանում, ապա տեղափոխվել Փենսիլվանիայի համալսարան։
Մասկը միաժամանակ Միացյալ Նահանգների, ինչպես նաև Հարավային Աֆրիկայի քաղաքացի է:
Խնդրագիրը, որը հեղինակել է պատգամավոր Չարլի Անգուսը, որն ավելի վաղ կոչ է արել հետաքննություն անցկացնել Մասկի նկատմամբ ընտրությունների հնարավոր միջամտության առնչությամբ, պետք է հավաքեր առնվազն 500 ստորագրություն, որպեսզի վավերացվեր՝ Համայնքների պալատ ներկայացնելու համար: