Ֆրանսիան հետաքրքրված է թուրքական պատկերացումներով «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ․ Գրիգոր Բալասանյան

«ՀՀ եվրաինտեգրման գործընթացի նախաձեռնողների նպատակը ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս բերելն է»,- այսօր «ԵՄ, թե ԵԱՏՄ, Հայաստանի ընտրությունը նոր աշխարհակարգի պայմաններում» վերտառությամբ քննարկման ընթացքում ասաց միջազգայնագետ, քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը։

Նա նշեց, որ ՀՀ ԱԺ ներկայացված եվրաինտեգրման օրինագծի նպատակը Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելն է, և դրանով իսկ, որպես ավելի մեծ խաղի մաս, Ռուսաստանը Հայաստանից դուրս բերելը։

Բալասանյանի խոսքով՝ բոլորն էլ հիանալի դա հասկանում են, քանի որ առաջին հերթին Հայաստանին ԵՄ-ում որևէ մեկը չի սպասում, երկրորդ՝ ՀՀ-ում արտադրված ապրանքները ԵՄ-ում որևէ մեկի համար հետաքրքիր չեն։

«Բայց այստեղ մեր ընդդիմախոսները գնում են շատ խորամանկ ճանապարհով, հայաստանյան հասարակությունում իրենց խոսափողներով առաջ են մղում գաղափար, որ եթե ԵԱՏՄ-ից դուրս գալու պարագայում ՌԴ-ն ՀՀ-ին գազ չմատակարարի, դա կարող է անել Ադրբեջանը։ Դրանով իսկ նրանք Հայաստանը քաշում են ադրբեջանա-թուրքական տանդեմի ներքո, որը կենթադրի «Զանգեզուրի միջանցքի» հարցի լուծում թուրքական պատկերացումներով։ Թե ի՞նչն է դա, ևս բոլորս հասկանում ենք»,- ասաց բանախոսը։

Կարդացեք նաև

Նա պարզաբանեց, որ երկրներից մեկը, որը ցույց է տալիս, թե Հայաստանին այս ուղղությամբ ակտիվորեն աջակցում է, Ֆրանսիան է։ «Մենք բոլորս լսում ենք Ֆրանսիայի դեսպանի բոլոր հետաքրքիր հայտարարությունները, որոնք նա օրերս արեց։ Պարզվում է, որ ՀՀ-ն ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի մաս դեռևս 1991 թվականին։ Այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչ էր անում Ֆրանսիան 30 տարի, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր էր»,- նման հռետորական հարց բարձրացրեց Գրիգոր Բալասանյանը։

Շարունակելով ՀՀ-ում Ֆրանսիայի դերակատարության թեման, նա փորձեց պարզաբանել, թե ինչու է Ֆրանսիան հետաքրքրված թուրքական պատկերացումներով, այսպես ասած՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ։

Բալասանյանը նախ ասաց, որ Ֆրանսիան հետաքրքրված է ղազախական ուրանով։ «Ֆրանսիան լրջորեն հետաքրքրված է «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ, որպեսզի «Զանգեզուրի միջանցքով» Հայաստանով դուրս բերի ուրան, քանի որ զրկվել է այդ ուրանից Աֆրիկայում։ Ուստի այն խոսակցությունները, թե եվրոպական ընկերները մեզ սպասում են ԵՄ-ում, խոսակցություններ են։ Գլխավոր նպատակը՝ դուրս բերել ՀՀ-ն ԵԱՏՄ-ից, դուրս բերել ՀԱՊԿ-ից, դուրս բերել անվտանգության ընդհանուր համակարգից Ռուսաստանի և այլ գործընկերների հետ, սակայն կարծում եմ, որ այստեղ սխալ հաշվարկ են արել, քանի որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը խորհրդակցություններ է սկսում ԱՊՀ երկրների հետ եվրասիական նոր միություն ձևավորելու համար»,- ասաց Գրիգոր Բալասանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս