Ավելի դաժան, քան կարելի է նկարագրել. մենք դեռ հեչ, բայց ի՞նչ վիճակում են հայտնվելու գործազուրկ տատիկ-պապիկները

Արցախցի Աշոտ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ Ազատություն ռադիոկայանը տեսանյութ է հրապարակել Դիլիջանի չգործող գիշերօթիկ դպրոցում հանգրվանած արցախցիների մասին:

Սա երկրորդ ռեպորտաժն էր այդ վայրում բնակվող մարդկանց մասին: Մի քանի օր առաջ նույն վայրում մնացողները ավելի շատ էին: Տարածքի տերերը անջատել են էլեկտրականությունն ու գազը: Այդ վայրում մնալը պարզապես խենթություն ա:

Տեսանյութի հերոսները անճարությունից չգիտեն` ինչ անեն, և չնայած խոսվում է առաջարկված տարբերակների մասին, այնուամենայնիվ գրածս դրա մասին չէ:

Տեսանյութի հերոսներից մեկը Կարեն Նասիբյանն է, ով Արցախի օրհներգի երաժշտության հեղինակ Արմեն Նասիբյանի որդին է (ինքս էլ չգիտեի):

Կարեն Նասիբյանի պատմությունը շատերին է հուզել: Տեսանյութում նա պատմում է, որ Արցախից տեղահանվելուց հետո երբեք ուրախ օր չի ունեցել:

Նաև նշում է, թե ինչպես էր ուզում ցատկել Ստեփանակերտի իր 8-րդ հարկի բնակարանից, բայց այդպես էլ չի խիզախել:

Վստահ եմ, որ տեսանյութից հետո բազմաթիվ մարդիկ օգնության ձեռք կմեկնեն, կօգնեն այս մարդկանց:

Օրեր առաջ Նոր Հաճնում ինքնասպանություն է գործել Արցախից տեղահանված ևս մեկ քաղաքացի: Չնայած այս դեպքի մասով ինֆորմացիան շատ քիչ էր, այնուամենայնիվ նշվում էր, որ քաղաքացին պատերազմի ընթացքում կորցրել էր որդուն:

Գրեթե մի շաբաթ առաջ ինստագրամում մի պատմություն տեսա, երբ սրտացավ մի աղջիկ դրսում հանդիպել էր ցրտահարված պապիկի, ով Արցախից էր, գիշերում էր դրսում: Պապիկին հիվանդանոց տարավ, իմ ընկերներից Սեդան նույնիսկ դրամահավաք կազմակերպեց, որպեսզի պապիկի համար շորեր, հեռախոս գնեն,հիվանդանոցի ծախսերը փակեն և ինտերնատում տեղավորելու ծախսերը հոգան:

Այս մի պատմությունը մի փոքր տարօրինակ ընթացք ստացավ, որովհետև մինչ պապիկին հեռախոս կտրամադրեին, հաջորդ օրը հիվանդանոցից պարզապես անհետանում է: Ենթադրություններ կան իհարկե: Ասում են իրեն վատ է զգացել, որ հիվանդանոցի ծախսերը պետք է հոգար և այլն, բայց քանի վստահ ոչ մի բանին չեմ տիրապետում, չեմ կարող պնդել:

Այս բոլոր պատմությունների հերոսները դժվար սոցիալական և հոգեբանական կացության մեջ են գտնվել: Ավելի դժվար, քան կարելի է պատկերացնել: Ավելի դաժան, քան կարելի է նկարագրել:

Արցախցիներս ՀՀ-ում ունենք փախստականի կարգավիճակ: Եվ մինչ իշխանական պատգամավորների եղբայրները հարցականի տակ են դնում մեր հայ լինելը, մինչ ԱԺ նախագահը պնդում է, որ արցախցիները պետք է մնային Արցախում, մինչ տարբեր օղակներում արցախցիները ոչ շատ հաճախ, բայց ենթարկվում են խտրական վերաբերմունքի, Կառավարության որոշմամբ հաջորդ ամսվանից Արցախից բռնի տեղահանվածները այլև չեն ստանալու դրամական աջակցությունը` 50.000 դրամի տեսքով: Եթե ճիշտ եմ, այս որոշումը բոլորին չէ վերաբերում, կան հատուկենտ բացառություններ, բայց այս ամենը խոսում է միայն մեկ բանի մասին.

Ապրիլից վերը թվարկված պատմությունների օրինակները շատանալու են: Դրսում հայտնված արցախցիների շատ ենք հանդիպելու:

Մենք դեռ հեչ, աշխատում ենք, պետք եղած դեպքում 2-3 տեղ, որպեսզի ծայրը ծայրին հասցնենք: Բայց ի՞նչ վիճակում են հայտնվելու օրինակ գործազուրկ տատիկ պապիկները: Չշարունակեմ:

Ես գիտեմ, որ նման կացության մեջ հայտնված մարդկանց նկատմամաբ անտարբեր չենք լինելու, օգնելու ենք ամեն իսկ հնարավորության դեպքում: Բայց այս ամենը անհատական մակարդակում լուծելի չէ: Համակարգային մոտեցում է պետք: Պետք է արձանագրել, որ արցախցիների սոցիալ-հոգեբանական իրավիճակը վատթարանում է օրեցօր, իսկ առաջարկվող լուծումները միայն ու միայն հակադարձում են այս խնդիրներին»:

Տեսանյութեր

Լրահոս