
Գյումրիում պայքարը լինելու է շատ թեժ ու ինտենսիվ. քաղաքագետ

Գյումրիում մարտին սպասվող ընտրություններին ընդառաջ՝ տարբեր փորձագետներ գուժում են իշխանության հնարավոր պարտությունը, անգամ հնչում են տեսակետներ, թե Գյումրիից քայլերթով Երևան եկած Նիկոլ Փաշինյանը հենց Գյումրիով էլ հեռանալու է։
ՏԻՄ և հատկապես Գյումրիում սպասվող ընտրությունների մասին 168.am–ը զրուցել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։
Քաղաքագետը թեմայի առնչությամբ իր դիտարկումներում նախ արձանագրեց՝ թեև ՏԻՄ ընտրությունների համատեքստում ազգային-քաղաքական նշանակություն ունեն մայրաքաղաքի ընտրությունները, այդուհանդերձ այդ քաղաքականության վրա ազդեցության տեսանկյունից` պակաս կարևոր չեն Երևանից դուրս ՏԻՄ ընտրությունները։
«Գյումրիում պայքարը լինելու է շատ թեժ ու ինտենսիվ. մենք տեսնում ենք՝ բոլոր ուժերը պատրաստվում են այնտեղ մասնակցություն ունենալ։ Քաղաքական ուժերը սա ինչ-որ չափով դիտարկում են 2026 թվականի համապետական ընտրությունների նախնական պայքար։
Կան մի քանի խարիզմատիկ թեկնածուներ, որոնցից կառանձնացնեի Ռուբեն Մխիթարյանին, որը համապետական ու համազգային ճանաչելիություն ունի, ինչը կարևոր հանգամանք է»,- մանրամասնեց Հրանտ Միքայելյանը։
Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք այս ընտրությունները գործող իշխանությունների համար կարող են վերջաբան դառնալ, նա պատասխանեց. «Մի քանի տարբերակ դիտարկենք։ Արդյո՞ք իշխանությունը կարող է պարտվել այդ ընտրություններում. իմ կարծիքով` այդ հնարավորությունները կան, և, մեծ հաշվով, այս պահի դրությամբ կա երեք թեկնածու, որոնք հնարավորություն ունեն առավել ձայներ հավաքել. առաջինը Ռուբեն Մխիթարյանն է, երկրորդը` Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, և երրորդը՝ Սարիկ Մինասյանը՝ իշխանությունների կողմից նշանակված Գյումրու քաղաքապետի ներկա ժ/պ-ն։ Հիմնական պայքարը լինելու է նրանց միջև, բայց մյուս ուժերը ևս փոքր տոկոսներ պոկելու են։
Եթե ընդդիմադիր թեկնածուն հաղթեց, ապա իշխանության համար դա լինելու է լրջագույն խնդիր։ Սակայն այստեղ ևս կան տարբերակներ, օրինակ, իշխանությունը պարտվել է Երևանի ՏԻՄ ընտրություններում, բայց տարբեր մանիպուլյացիաների շնորհիվ կարողացել է իր քաղաքապետին նշանակել։ Գյումրիում նման իրավիճակը բացառված չէ։ Բացի այդ, մենք օրինակներ ունենք Փարաքարում, Վանաձորում, երբ իշխանությունը ոստիկանական կամ այլ ռեսուրս կիրառելով` զավթում է համայնքային իշխանությունը՝ նույնիսկ ընտրություններում պարտվելով»։
Ամփոփելով՝ քաղաքագետը շեշտեց, որ թեև Գյումրու ՏԻՄ ընտրություններում իշխանությունների հաղթանակի հավանականությունը բարձր չէ, այդուհանդերձ, բարձր է հավանականությունը, որ նրանք կկարողանան իշխանություն վերցնել մանիպուլյացիաների կամ տարբեր գործարքների միջոցով։
Հստակեցմանը՝ հնարավո՞ր է, որ հասարակության կողմից իր ընտրությունը պաշտպանելու հաստատակամությունը նոր պրոցեսի սկիզբ դառնա, քաղաքագետն արձագանքեց.
«Չեմ կարծում. մի կողմից՝ մենք տեսնում ենք իշխանության նկատմամբ դժգոհության կուտակում, իշխանությսն աջակցության դեգրադացիա, մյուս կողմից` հասարակության մոտ պասիոնարության, ակտիվության նվազում։
Բացի այդ, եթե մենք նույնիսկ խոսենք ընդվզումների մասին, ապա գլխավոր հարցն այն է՝ ով է լինելու նախաձեռնողը և որքանով է արդյունավետ գործընթաց կազմակերպելու (այս առումով մենք տեսնում ենք՝ ընդդիմության բազմաթիվ նախաձեռնություններ տապալվել են ինչ-ինչ պատճառներով. տեխնոլոգիաների, մեդիաների տեսանկյունից իշխանությունն առավելություն ունի)։ Իշխանության բազմաթիվ սխալներն արագացնելու են իրենց անկումը, բայց չեմ կարծում, որ Գյումրու ընտրությունները դրան կբերեն»։