Բաժիններ՝

Մակրոնը Պուտինի հետ զրուցելու պատրաստակամություն է հայտնել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայում կրակի պարզ դադարեցումը չի լուծի հակամարտությունը, հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է համապարփակ խաղաղություն, որը կկարգավորի տարածքային խնդիրները, կերաշխավորի անվտանգությունը և պայմաններ կստեղծի Ուկրաինայում երկարաժամկետ տնտեսական, սոցիալական և քաղաքական կայունության համար, գրում է ֆրանսիական La Dépêche-ը։

«Ոչ վաղուցվա պատմությունը մեզ ցույց է տվել, որ երբ միայն հրադադար էր, այն ռուսական կողմից չէր պահպանվում։ Բացի դրանից, Ուկրաինան պետք է ներկա լինի իրեն վերաբերող բոլոր քննարկումներին։

Համարո՞ւմ եմ, որ ԱՄՆ-ն այսօր ցանկանում է լքել ՆԱՏՕ-ն: Ոչ: Ցանկալի՞ եմ համարում, որ ԱՄՆ-ը լքի ՆԱՏՕ-ն։ Ոչ: Ըստ իս՝ ՆԱՏՕ-ն այսօր ավելի օգտակար է, քան երբևէ։ Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն մնում է օգտակար դաշինք, քանի որ մի շարք եվրոպական երկրների անվտանգության բանալին է: Ռուսաստանն էկզիստենցիալ սպառնալիք է եվրոպացիների համար:

Ներկայում Ռուսաստանի ձեռնարկած նկատելի վերազինումը պետք է եվրոպացիներին ստիպի արձագանքել՝ անկախ ԱՄՆ դիրքորոշումից։ Մենք մտադիր ենք ուժեղացնել ոչ միայն բանակը, այլև եվրոպական պաշտպանության արդյունաբերական և տեխնոլոգիական բազան»,- նշել է նա։

Մակրոնն ընդգծել է, որ երբեք չի հայտարարել Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին։

Նա պատրաստակամություն է հայտնել «ցանկացած պահի» հեռախոսով խոսել Վլադիմիր Պուտինի հետ, եթե վերջինս զանգի իրեն։ «Իհարկե, ես նորից կխոսեմ նրա հետ, եթե տվյալ իրավիճակում դա օգտակար լինի»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս