Մեծ առևտրի սկիզբ․ Սաուդյան Արաբիայում այսօր մեկնարկում են ՌԴ-ԱՄՆ նախնական բանակցությունները

Այս օրերին միջազգային հանրությունն ուշադրությամբ հետևում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների նախապատրաստման գործընթացին։ Քիչ առաջ Սաուդյան Արաբիայում մեկնարկեցին վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև առաջին ուղիղ բարձր մակարդակի բանակցությունները, որոնք ուղղված են, ըստ էության, հետագա բանակցությունների կազմակերպմանը։

Էր Ռիադում ՌԴ պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի գլխավորությամբ, հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆի հետ։ Վերջինս անցած շաբաթ մասնակցել էր ամերիկացի Մարկ Ֆոգելի ազատ արձակման գործընթացին, ով մի քանի տարի ռուսական բանտում էր։

Ռուս և ամերիկացի դիվանագետների միջև սպասվող շփումը դեռևս չեն անվանում  Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններ (Ուկրաինան հրավիրված չէ, ինչը զայրացրել է Զելենսկիին):  Եվրոպական երկրների պաշտոնյաները ևս հակասական հայտարարություններով են հանդես գալիս։ Սակայն Սաուդյան Արաբիայում բանակցությունների էությունը կայանում է նրանում, որ քննարկվի, թե ինչպես սկսել երկխոսություն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև՝ ուկրաինական ճգնաժամը լուծելու և հարաբերությունները վերականգնելու, ինչպես նաև առաջին քայլերն անել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման համար։

Կարդացեք նաև

Մինչ բանակցությունների մեկնարկը կողմերը որոշ դիրքորոշումներ են հայտարարել՝ ցույց տալով անզիջում տրամադրվածություն։ ՌԴ նախագահի օգնական, Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը Aif.ru-ին տված՝ այսօր հրապարակված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի Ռուսաստանի Դաշնության անվերապահ հաղթանակով, դրանում կասկած չկա։

Նրա խոսքով՝ երբ Ռուսաստանը հաղթի Ուկրաինայում, Եվրամիությունը ստիպված կլինի էլ ավելի մեծ գումար ծախսել Ուկրաինայի ավերված տնտեսության ու ենթակառուցվածքների վերականգնման վրա։

Պատրուշևը նշել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում Ուկրաինայի անվտանգության երաշխիքները բառի ուղիղ իմաստով չեն քննարկվել։ Նա կարծում է, որ իրադարձությունը դարձավ հավաքական Արևմուտքի «հերթական խոսափող», որը չի ճանաչում բազմաբևեռությունը և այլ պետությունների ինքնիշխանությունը։

Մյունխենի անվտանգության համաժողովի պանելային քննարկման ժամանակ էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռուս-ուկրաինական հարաբերությունների հարցով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել էր, թե Ռուսաստանը ստիպված կլինի զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ «Զիջումներն առաջին հերթին վերաբերելու են տարածքային խնդիրներին և, հնարավոր է, ուժի կիրառումից հրաժարվելուն։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «չի պատրաստվում կրճատել իր զինված ուժերը», սակայն Միացյալ Նահանգները հույս ունի նրան «հարկադրել» այնպիսի գործողություններ, որոնք նրան «տհաճ կլինեն»։ Միացյալ Նահանգները կարող է դա անել՝ կործանելով Իրանի, Հյուսիսային Կորեայի և Չինաստանի հետ Ռուսաստանի նորաստեղծ դաշինքները, որոնք գոյություն չունեին ընդամենը մի քանի տարի առաջ»,- ասել է Քելլոգը։

Քելլոգը նաև ասել է, որ ԱՄՆ-ը կարող է ճնշում գործադրել Պուտինի նավթային եկամուտների վրա՝ խստացնելով պատժամիջոցները:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նախօրեին հերքել է Ուկրաինային տարածքային զիջումների հնարավորությունը՝ հայտարարելով, որ կարգավորման բանակցություններում այդ մասին «մտածել անգամ չի կարելի»։ «Ինչպե՞ս պետք է զիջենք՝ մարդկանց հե՞տ, ռուսների հե՞տ, թե՞ առանց մարդկանց, միայն հազվագյուտ հողային մետաղներով»,-Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչի հետ բանակցություններից հետո Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում ասել է Լավրովը։

Տեսանյութեր

Լրահոս