Բաժիններ՝

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին՝ սպանելով ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկին

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Սայդա քաղաքի շրջանին, որի հետևանքով սպանվել է Լիբանանում ՀԱՄԱՍ-ի օպերատիվ վարչության ղեկավար Մուհամմեդ Շահինը։ Այս մասին հայտնում է Sputnik Arabic-ը։

Իսրայելական պաշտպանության բանակն (ԻՊԲ) իր  հերթին հայտարարել է, որ թիրախավորել է լիբանանյան «Հեզբոլլահ»-ի մարտական ​​տեխնիկա պարունակող մի քանի օբյեկտներ։ Հայտարարության համաձայն՝ «Հեզբոլլահ»-ի գործողությունները թիրախավորված վայրերում հանդիսանում են Լիբանանի հետ պայմանավորվածության խախտում։

ԻՊԲ-ն ընդգծել է, որ Իսրայելը կշարունակի վերացնել իր համար ցանկացած սպառնալիք։Այս հարձակումներից առաջ լիբանանյան «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Նայիմ Քասեմը հայտարարել էր, որ «Իսրայելի համար ոչ մի արդարացում չկա հարավային Լիբանանում մնալու համար»: Նա մատնանշել էր, որ «ոչ ոք չի կարող արգելել լիբանանցիներին պաշտպանել իրենց հողը և դիմադրել բռնազավթողին, և դա Լիբանանի սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է»։ 

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը «Հեզբոլլահ»-ին մեղադրել էր հրեական պետության ուղղությամբ անօդաչու թռչող սարքեր արձակելու մեջ։ Կացի հայտարարությունից հետո իսրայելական հարձակման հետևանքով սպանվել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդներից Աբբաս Ահմադ Համուդին, որը պատասխանատու էր Իսրայելի վրա ԱԹՍ-ների արձակման համար։ Լիբանանյան «Հեզբոլլահ»-ի և իսրայելական բանակի միջև հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2024 թվականի նոյեմբերի 27-ից երկու կողմերի միջև ամիսներ շարունակ ռազմական գործողություններից հետո։ Այս ընթացքում հրադադարի խախտման բազմաթիվ դեպքեր են գրանցվել։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս