
Տեսնենք՝ տիկին դեսպանը կյանքի կկոչի՞ Վենսի խոսքերը թե՞ սաբոտաժի կենթարկի. Արմեն Աշոտյան
«Ժամանակս շատ է. Մյունխենյան անվտանգության համաժողովը գրեթե ամբողջությամբ եմ նայել։ Իհարկե, Վենսի ելույթն այդ իմաստով պատմական է»,- հերթական դատական նիստից հետո 168.am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ նշեց տնային կալանքի ռեժիմում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մյունխենյան աղմկահարույց ելույթի` ժողովրդավարությունից հեռացող Եվրոպայի դրվագին։
Արմեն Աշոտյանը շեշտեց՝ Վենսը մեզ համար որևէ նոր բան չի ասել։
«Ասաց այն, ինչ տարիներ շարունակ խոսվում է՝ առնվազն ՀՀ-ի օրինակով, թե ինչքան երկդիմի է, ցինիկ, երկերեսանի, անժողովրդավար, իրականում լիբերալ ֆաշիզմին ձգտող, այսպես կոչված, լիբերալ ժողովրդավարության ներկայիս դրածո Նիկոլ Փաշինյանի ռեժիմը,- հավելեց նա` դիտարկմամբ,- Վենսն ասաց` աշխարհում է այդպես, ու ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանը զրկվելու մեծ հնարավորություն ունի իր գեոպոլիտիկ սպոնսորներից՝ առնվազն Ամերիկայում։ Բայց այստեղ շատ կարևոր է իներցիան։ Չմոռանաք, ողջ հարգանքով ի պաշտոնե դեսպանների նկատմամբ, տիկին դեսպանը սպասարկել է նախորդ վարչակազմի շահերը, այստեղ ակնհայտ կա և՛ իներցիայի խնդիր, և՛, չեմ բացառում, որպես տեսություն՝ սաբոտաժի խնդիր։
Եվ որքանով ամերիկյան խորքային պետության ելուստները կշարունակեն ՀՀ-ում ճզմել այլախոհությունը, նպաստել այլախոհների ճնշումներին, իրավապահ համակարգի շահարկումներին, այդպես էլ կհասկանանք՝ Վենսի խոսքերն առնվազն ՀՀ-ում կյանքի կոչվելու հեռանկար ունե՞ն, թե՞ ոչ՝ դրվածք փոխելու տեսանկյունից»։
Պատասխանելով մեր հաջորդ հարցադրմանը, որով հետաքրքրվում էինք Նիկոլ Փաշինյանի նոր տրանսֆորմացիայի իրական նպատակների մասին, հանրապետական գործիչն ասաց. «Ես Փաշինյանի փոփոխությունները երբեք տրանսֆորմացիա չեմ համարում, գուցե մուտացիա, որովհետև տրանսֆորմացիան լավ բան է։ Իր դեպքում ակնհայտ է, որ որևէ լավ փոփոխության մասին խոսք լինել չի կարող։ Նիկոլ Փաշինյանի գերնպատակը մեկն է՝ վերարտադրվել ցանկացած գնով՝ անգամ, եթե իր աշխարհաքաղաքական հովանավորը դառնա միայն Էրդողանը, ինչին և մենք հիմա ականատես ենք»։