Բաժիններ՝

Հոգու հասակը

Յուրաքանչյուր քրիստոնյա կոչված է հոգեպես աճելու, որպեսզի, եկեղեցու հայրերի խոսքի համաձայն, հնարավորություն ունենա բարձրանալու այն աստիճաններով, որը տանում է դեպի հոգևոր կատարելություն:

Հոգևոր աճն անմիջապես տեղի չի ունենում: Երանելի սբ. Մակար Մեծն ասում է. «Սաղմը մոր արգանդում անմիջապես չի ձևավորվում, այլ աստիճանաբար է մարդկային կերպարանք ձեռք բերում, ծնվում է ոչ կատարյալ տարիքում, երկար տարիներով աճում է և ապա նոր հասնում կատարելության տարիքի: Հողի մեջ նետված ցորենի և գարու սերմերն էլ անմիջապես չեն աճում, այլ ժամանակ է պահանջվում մինչև հասկերի հնձումը: Նույնն է և հոգևոր կյանքում, հոգին աստիճանաբար է աճում և նոր հասնում կատարելության տարիքի»:

Հոգևոր աճը պահանջում է մեծ համբերություն և ջանքեր: Սբ. Մակար Մեծի խոսքի համաձայն՝ հասուն մարդը հանկարծակի չի հայտնվում աշխարհ, այլ ծննունդից հետո, երկար տարիներ ապրելով, հաղթահարում է բազմաթիվ փորձություններ, հիվանդություններ, ամրանում է, ուժ և փորձ ձեռք բերում՝ դառնալով հասարակության լիարժեք անդամ: Նույնկերպ հոգևոր զարգացումն է ձևավորվում բազմաթիվ ջանքերի և պայքարների շնորհիվ: Որպեսզի քրիստոնյան կատարելության աստիճաններով վեր բարձրանա, անհրաժեշտ է, որ հաջողությամբ անցնի բազմաթիվ փորձությունների բովով:

Այդ ճանապարհին նա պետք է փախչի այն վտանգներից և գայթակղություններից, որ կարող են վնասել նրա առողջ հոգևոր աճին ու զարգացմանը: Հոգու հետ աշխատանքը և հոգևոր աճը պետք է դառնա մարդու համար լուրջ մտահոգության առարկա: Հոգին ինքն իրեն չի աճի, եթե այն չմշակվի:

Կարդացեք նաև

Ցավոք, մարդը, ամբողջովին մխրճված լինելով երկրային գործերի մեջ, շատ քիչ ժամանակ է տրամադրում նրան, ինչ վերաբերում է իր հոգուն, ներքին կյանքին և առողջությանը:

Անհամեմատելիորեն մարդն իր ուժն ու ժամանակը տրամադրում է ոչ թե իր անմահ հոգուն, այլ մարմնին: Քրիստոսից առաջ՝ հեթանոսության շրջանում, մարդկանց միակ մտահոգությունը մարմինն էր, քանի որ նրանց համար փակ էր ավետարանական ճշմարտությունը: Իսկ Քրիստոսի ծնունդից հետո զուր կլինեն բոլոր այն մարդկանց արդարացումները, թե իրենք չգիտեին, որ անհրաժեշտ է նաև հոգ տանել հոգու մասին: Քանի որ բոլորի համար հասանելի դարձավ ավետարանական ճշմարտությունը, Քրիստոս Իր փրկագործությամբ և հրաշափառ հարությամբ հարթեց դեպի երկինք տանող ճանապարհը: Եթե այսքանից հետո մարդը համառորեն ընտրի երկիրը և իր կյանքը նվիրի նրան, ապա ի՞նչ կերպ կարող է արդարանալ Աստծո առաջ:

Սխալ չէր լինի, եթե յուրաքանչյուրը փորձեր հոգևոր աճին նպաստող մի քանի հարց ուղղեր իրեն, թե իր ժամանակի քանի՞ տոկոսն է տրամադրում հոգևորին, կամ զրույցներում իր քննարկած բազմաթիվ թեմաների մեջ կա արդյո՞ք հոգևորը: Որքա՞ն ժամանակ է, օրինակ, մարդը ծախսում ամենալավ և իդեալական տեխնիկան ձեռք բերելու համար, իսկ որքա՞ն ժամանակ նրա համար, որպեսզի հոգին կատարելության հասնի:

Այսպիսով, եթե դաշտը չհերկվի և չսերմանվի, ապա ոչինչ չի աճի բացի մոլախոտից: Տունը չի լինի, եթե չկառուցվի, գեղեցիկ այգին պահանջում է մշտական խնամք: Նույնն է պարագան նաև հոգու դեպքում, որպեսզի հոգու այգին զարդարվի Աստծո համար սպասելի բազմերանգ ծաղիկներով, պտղատու ծառերով, ապա անհրաժեշտ են մեծ ջանքեր:

Աստված ցանկանում է ապրել յուրաքանչյուրի հոգում, բայց այն պետք է պատրաստ և մաքուր լինի Նրա համար: Ինչպես երկրավոր թագավորն անմաքուր և պատահական որևէ տեղ չի ապրի, այդպես և առավել ևս Երկնային թագավորը: Նա չի կարող բնակվել այն հոգում, որ լի է մեղքերով և կրքերով: Այս մասին Ավետարանն ասում է. «Երանի՜ նրանց, որոնք սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթեոս 5:8):

Այս մտածումներից հետո անդրադառնանք մեր անմահ հոգուն, ամեն ինչ անենք, որ այն աճի ներդաշնակ և արժանանա Աստծո տաճարը լինելուն:

Կարինե Սուգիկյան

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս