Բաժիններ՝

Գիտնականները գտել են Ալցհեյմերի հիվանդությունը կանգնեցնելու անսպասելի միջոց

Ջոն Հոփքինսի համալսարանի գիտնականները պարզել են, որ ծծմբաջրածինը, որը նեխած ձվի հոտ ունի, կարող է պաշտպանել ծերացող ուղեղի բջիջները Ալցհեյմերի հիվանդությունից: Ըստ նյարդակենսաբան Բինդա Պոլի, նոր տվյալները սերտորեն կապում են ծերացումը նեյրոդեգեներացիան և բջջային ազդանշանները բջիջներում ծծմբաջրածնի և այլ գազային մոլեկուլների աշխատանքի հետ, հայտնում է РИА Новости-ն:

Մարդու օրգանիզմը բնական ճանապարհով արտադրում է փոքր քանակությամբ ծծմբաջրածին, որն օգնում է կարգավորել մի շարք գործառույթներ՝ բջջային նյութափոխանակությունից մինչև արյան անոթների լայնացում: Գազերը, ինչպես նշում են հետազոտողները, խաղում են ուղեղի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող հիմնական բջջային մոլեկուլ-միջնորդների դերը: Ծծմբաջրածնի դեպքում դա ենթադրում է սպիտակուցների ձևափոխում քիմիական սուլֆհիդրացման գործընթացով։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գլխուղեղի ծծմբաջրածնի մակարդակը տարիքի հետ նվազում է, և այս միտումը սրվում է Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող հիվանդների մոտ: Դա հաստատելու համար հետազոտողները, ըստ Միլոշ Ֆիլիպովիչի, փորձեր են անցկացրել մկների հետ, որոնք գենետիկորեն ձևափոխվել են՝ ընդօրինակելով Ալցհեյմերի հիվանդությունը:

Կրծողներին ներարկել են ծծմբաջրածնի միացություն, որը դուրս է մղում այդ գազի մոլեկուլները, այնուհետև 12 շաբաթ ստուգվել են հիշողության և շարժողական գործառույթների փոփոխությունները: Թեստերը ցույց են տվել, որ ծծմբաջրածինը 50 տոկոսով բարելավել է ճանաչողական և շարժողական գործառույթները (համեմատած այն մկների հետ, որոնք նյութը չեն ստացել)։

Ուսումնասիրության համահեղինակ Մեթ Ուիթմանը բացատրել է, որ մինչ վերջերս գիտնականները չունեին դեղաբանական գործիքներ՝ ընդօրինակելու, թե ինչպես է օրգանիզմը բջիջներում արտադրում փոքր քանակությամբ ծծմբաջրածին:

«Մենք կարող ենք հաջողությամբ կանգնեցնել Ալցհեյմերի հիվանդության որոշ ասպեկտներ»,- եզրակացրել են աշխատանքի հեղինակները:

Տեսանյութեր

Լրահոս