Հայաստանը՝ քաղաքական անբարոյականության ու անբարոյական քաղաքականության ճիրաններում

Իշխանությունը պահպանելու հարցում Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնում, առանց բացառության, ոչնչի առջև։ Այդ ճանապարհին նա պատրաստ է թիրախավորել ամեն ինչ պե՞տք է պղծել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, անհրաժեշտություն կա՞ անարգել արցախյան պատերազմի նահատակներին, քաղաքականապես շահավե՞տ է պատմության ու պատմական հիշողության այլասերումը, ո՛չ մի խնդիր, Փաշինյանն ու նրա բարձրաստիճան ներքինիները պատրաստ են ցանկացած քայլի։

Գործող իշխանության կողմից հանրային համերաշխության, համընդհանուր, սրբություն համարվող արժեքների վարկաբեկման օրինակները կարելի է հաշվել տասնյակներով կամ հարյուրներով։ Դրանց, սակայն, իրենց տարբերություններով հանդերձ, միավորում է մեկ ընդհանրություն․ բոլոր այդ օրինակներն իշխանության կողմից անհատական, խմբային ու հանրային բարոյականության դեմ հայտարարված պատերազմում արձանագրված հաղթանակների մոնումենտներ են։

Թշնամու առաջ խայտառակ պարտվելուց հետո սեփական հանրությանը հաղթելու ու դրա միջոցով իշխանությունը պահպանելու հարցում բարոյականությունը համար առաջին թշնամին է։ Բարոյականության հետ անգամ աննշմար աղերսներ ունեցողի համար այդ խայտառակությունից հետո քննարկելի չէր կարող լիներ ոչ միայն իշխանության պահպանման հարցը, այլ միարժեք եզրակացությամբ քննարկելի պետք է դառնար սեփական առնվազն քաղաքական գոյությունը շարունակելու նպատակահարմարությունը։

Նիկոլ Փաշինյանը, ահա, 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի հանդեպ Հայաստանի կապիտուլյացիայի տխրահռչակ փաստաթուղթը ստորագրելով, ստորագրել է նաև բարոյականության հանդեպ իր ու իր թիմի անվերապահ հաղթանակի արձանագրությունը։ Եվ ինչպես հաջորդող հինգ տարիներին Ադրբեջանն է շարունակում Հայաստանի հանդեպ արդեն սողացող կապիտուլյացիան, փաշինյանական իշխանությունն էլ սողացող ասպատակություններ է իրականացնում հանրային բարոյականության տիրույթում՝ նպատակ ունենալով հասարակությանը վերջնականապես զրկել բարոյականությունից։

Կարդացեք նաև

Ասվածի մեջ համոզվելու համար բավական է պաշտոնյաների հրապարակային հայտարարությունների անգամ մակերեսային դիտարկումը։ Փաշինյանը մայրաքաղաքից մայրաքաղաք ընկած՝ զբաղված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգմամբ, նրա սատրապները, ինչպես, օրինակ, Ալեն Սիմոնյանը, զբաղված են արցախյան պատերազմի զոհերի հիշատակը պղծելով, արցախահայերի դեմ ատելություն սերմանելով։ 

Նրանց այս հայտարարությունները քաղաքական խոսքեր չեն, քաղաքական օրակարգի մաս չեն, դրանք բոլորն ամենասովորական, մարդկային բարոյականությանը նետված մարտահրավերներ են, որոնցով փորձ է արվում ստուգել հասարակության բարոյականության աստիճանը։ Այդ հայտարարություններն իրականում քաղաքական պատասխան չունեն, դրանց փաստարկներով կամ բանականությանը հասու այլ միջոցներով պատասխանելու ցանկացած փորձ դատապարտված է ի սկզբանե, քանի որ նրանց հարուցած բանավեճի մեջ մտնելն իսկ ենթադրում է ընդունել սեփական տոտալ հաղթանակը բարոյականության հանդեպ։

Հայկական իրականության մեծագույն պարադոքսը պատերազմում թշնամու առաջ պարտություն կրելուց հետո սեփական ժողովրդին հաղթելու ու դրա շնորհիվ իշխանությունը պահպանելու հակաֆենոմենն է։ Դա հնարավոր է դարձել նախ՝ անհատական, ապա՝ հասարակական բարոյականությունը դեգրադացնելու շնորհիվ։ Հայաստանում հիմա քաղաքական անբարոյականության/անբարոյական քաղաքականության ժամանակներ են։ Իշխանության իրական նպատակն էլ հասարակությանը վերջնականապես բարոյականությունից զրկելը, իմա՝ իր նման դարձնելն է։ Իշխանության դեմ պայքարն էլ, ըստ այդմ, ոչ միայն ու ոչ այնքան՝ քաղաքական, որքան՝ նվազագույն բարոյականության պաշտպանությանն ուղղված պայքար է։ Ոչ միայն անբարոյականությունն իշխանությունից հեռացնելու, այլ հասարակությանը վերջնականապես նիկոլփաշինյանների ու ալենսիմոնյանների չվերածելու համար։

 Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս