Ո՞վ և քանի՞ միլիլիտր է միզում գիշերը, ի՞նչ կապ ունի երիկամի կիստան․ Օնկոուրոլոգի պարզաբանումը

Հաճախ հանդիպող հիվանդություններից է երիկամների կիստան։ Որքանո՞վ է այն վտանգավոր, ինչպե՞ս է բուժվում։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Էրեբունի» բժշկական կենտրոնի օնկոուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Արման Ծատուրյանի հետ։

– Ի՞նչ դեր են կատարում երիկամները մեր օրգանիզմում։

– Երիկամները զույգ լոբաձև օրգաններ են, որոնք սովորաբար երկուսն են, եթե մարդը բնածին արատ չունի և մեկ երիկամով չի ծնվել։ Երիկամների ֆունկցիան բազմազան է, առաջինն ու ամենագլխավորը մեզի արտադրությունն է, այսինք՝ թունավոր նյութերի դուրսբերումն օրգանիզմից՝ մեզի միջոցով։

Կարդացեք նաև

Մյուս կարևոր ֆունկցիան այն է, որ կարգավորում է զարկերակային ճնշումը, արտադրում է հատուկ ներզատական հորմոններ, որոնք կարգավորում են ճնշումը։

– Ո՞ր դեպքում են առաջանում կիստաներ։

Կիստաները, որպես այդպիսին, ինչ-որ առաջացման պատճառներ չունեն։ Կարող են առաջանալ և՛ մեծահասակների, և՛ երիտասարդների մոտ։ Որպեսզի տարբերակենք, թե ի՞նչ աստիճանի կիստաներ են, օգտագործում ենք ռադիոլոգիական չափորոշիչներ՝ սոնոգրաֆիկ, ԿՏ (համակարգչային տոմոգրաֆիա) կամ ՄՌՏ (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա) հետազոտության տվյալների հիման վրա, հասկանում ենք, այն, ըստ Բոսնիակի դասակարգման՝ ո՞ր տիպի կիստա է, և դրանից հետո տրվում են համապատասխան խորհուրդներ։

– Կիստաները քանի՞ տեսակ են լինում։

– Ունենք բարորակ և չարորակ կիստաներ, և կիստաներ, որոնք պոտենցիալ չարորակացման հավանականություն ունեն։ Ինչպես նշեցի՝ Բոսնիակի դասակարգմամբ ենք տարբերակում և ըստ այդ դասակարգման՝  ունենք 4 տեսակի, աստիճանի կիստաներ։ 4-րդ աստիճանի կիստան 80 տոկոսով չարորակ է։ Երրորդ աստիճանի կիստան համարվում է 50 տոկոս չարորակացմամբ հիվանդություն։ 3-րդ և 4-րդ աստիճանի կիստաների դեպքում ցուցված է վիրահատական բուժում, կիստաների հեռացում, երիկամի մասնահատում։ Առաջին և երկրորդ աստիճանի կիստաների դեպքում կարող ենք ունենալ հսկողություն, որպեսզի տեսնենք՝ ժամանակի ընթացքում կիստաները մեծանո՞ւմ են, թե՞ ոչ։ Եթե չեն մեծանում՝ մեծ հաշվով կարող է վտանգ չսպառնալ։

Որքան մեծ է կիստան, այնքան վտանգավո՞ր է։

Եթե գործ ունենք առաջին և երկրորդ տեսակի կիստաների հետ, ապա, բնականաբար, ինչքան մեծանում է, այնքան պոտենցիալ վտանգը շատանում է, որովհետև թույլ հարվածից կարող է պատռվել կիստան։ Օրինակ, եթե ունենք 10, 12 սմ երիկամի կիստաներ, ապա կարող է թույլ հարվածից կիստայի պատը պատռվել և առաջանալ սուր իրավիճակ։

Ընդհանուր առմամբ, կիստան խնդիրներ պետք է որ չստեղծի, եթե խոսում ենք 1-ին և 2-րդ տեսակի կիստաների մասին։

Իհարկե, պետք է հասկանանք, թե կիստան որտե՞ղ է տեղակայված։ Եթե այն տեղակայված է երիկամի վերևում կամ ներքևում, ապա պետք է խնդիր չստեղծի, եթե չի առաջացնում մեզի արտահոսքի խանգարում, այսինքն՝ չի սեղմում միզածորանը, և որի պատճառով մեզը դժվարությամբ դուրս չի գալիս։

Եթե կիստան երիկամի խոռոչի ներսում է տեղակայված կամ ստորին բևեռում է և սեղմում է միզածորանը՝ հանգեցնելով երիկամի ֆունկցիայի տուժելուն, այդ դեպքում ցուցված է կիստայի վիրահատական հեռացում։

Մարդն ինչպե՞ս հասկանա, որ ունի երիկամի կիստա, կա՞ն ախտանշաններ։

– Եթե ունենում ենք ախտանշաններ, ապա նշանակում է, որ կիստան սեղմել է միզածորանը, և առաջացել է երիկամից մեզի արտահոսքի խանգարում, այսինքն՝ ունի որոշակի գանգատներ՝ կապված արտահոսքի խանգարման հետ։ Մյուս գանգատների դեպքում կարող են սեղմվել գոտկային մկանների հատվածում տեղակայված նյարդային վերջույթները և ունենան բութ ցավեր։ Այս ամենը սոնոգրաֆիկ հետազոտությամբ հեշտ տեսանելի է։

Գիշերային հաճախամիզությունը հուշո՞ւմ է, որ խնդիր կա։

– Ոչ։ Գիշերային հաճախամիզությունը կարող է ունենալ տարբեր պատճառներ։ Կապ ունի այն, թե գիշերային հաճախամիզությունը կնո՞ջ մոտ է, թե՞ տղամարդու։ Պետք է տարբերակենք գիշերային հաճախակի միզարձակումը հաճախամիզությունից։ Անհատը վեր է կենում, ինչքա՞ն է միզում․ 50 միլիլիտր, 100, թե՞ 300-400 միլիլիտր։ Եթե ունենք մեծ քանակով մեզի արտադրություն՝ գիշերային ժամերին, օրինակ, ժամը 2-ին արթնանում է, գնում է միզելու 300 միլիլիտր, հետո ժամը 4-ին՝ նույն չափով, ապա տվյալ անձի մոտ առաջինը պետք է ստուգել շաքարային դիաբետի առկայությունը։

Գիշերային հաճախամիզության մյուս պատճառը սիրտ-անոթային խնդիրներն են, որոնք պետք է բացառվեն։

Տղամարդկանց մոտ ունենք շագանակագեղձի գերաճի հետ կապված խնդիրներ, որը կարող է բերել գիշերային հաճախակի միզարձակման՝ միզապարկի ոչ լրիվ դատարկման հետևանքով։ Իսկ դա, որպես այդպիսին, երիկամի կիստայի հետ կապ չունի։

– Ճարպակալումը և շաքարային դիաբետը հանգեցնո՞ւմ են երիկամում կիստայի առաջացման։

– Ռիսկի պատճառ չեն հանդիսանում։

Իսկ երիկամում առկա քարե՞րը։

– Ոչ։ Դրանք ևս որևէ պատաճառահետևանքային կապ չունեն։

Երբեմն ասում են, որ ովքեր ունենք բարձր զարկերակային ճնշում (դիաստոլիկ), սա ևս խոսում է երիկամում կիստայի առկայության մասին։

– Պետք է հասկանալ, թե կիստան որտեղ է տեղակայված։ Եթե կիստան գտնվում է խոշոր զարկերակների, այսինքն՝ ներերիկամային խոշոր ճյուղերի շուրջ և բերում է դրանց սեղմման, ապա հատուկ նյութերի արտազատման միջոցով կարող է առաջանալ զարկերակային ճնշման բարձրացում։ Բայց սա ամենահաճախ հանդիպող ախտանիշը չէ։ Երիկամային կիստաների դեպքում զարկերակային ճնշման բարձրացումը յուրահատուկ ախտանիշ չէ։

Ընդհանրապես զարկերակային գերճնշման միայն 5 տոկոսն է պայմանավորված երիկամային գործոնով։ Առաջինը պետք է բացառել սիրտ-անոթային համակարգի հետ կապված հիվանդությունների առկայությունը։

Երիկամային կիստայի դեպքում ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ։

– Հասարակ սոնոգրաֆիան կարող է ցույց տալ երիկամում կիստայի առկայությունը։ Հասկանում ենք նաև կիստաների բնույթը։ Եթե տեսնում ենք, որ 1-ին կամ 2-րդ տեսակի կիստա չէ, կան հյուսվածքային մասեր, ապա կատարում ենք համապատասխան ԿՏ քննություն կամ ՄՌՏ, որով կարողանում ենք հստակ որոշել կիստայի դասակարգումը։

– Այսինքն, վիրահատության համար կապ չունի կիստայի չափըհնարավոր է՝ մեծ լինի և չվիրահատե՞ն։

– Այո։ Առաջին հերթին կապ ունի կիստայի բնույթը։ Կարող է լինել 2-3 սմ կիստա, բայց ունենա չարորակացման բարձր պոտենցիալ, և որոշենք մասնահատել երիկամը։ Մեկ այլ դեպքում կարող է ունենանք 5-7 սմ կիստա, որը հիվանդին անհանգստություն չպատճառի, և որոշենք դինամիկ հսկել։

– Բիոպսիա կատարվո՞ւմ է կիստաների դեպքում։

Ոչ, երիկամի կիստաների դեպքում բիոպսիա ընդհանրապես ցուցված չէ, որովհետև կիստան իրենից ներկաայցնում է բարակ պատերով, հեղուկով լցված գոյացություն, որը մոտավորապես նման է նրան, որ փուչիկի մեջ ջուր լցնես։ Կիստայի պատը մոտավորապես նույն հաստությունն ունի, և եթե փորձենք բիոպսիա անել, այն է՝ ասեղով ծակենք, ապա կիստայի պարունակությունը կարող է դուրս գալ։

Երիկամների դեպքում ունենում ենք պարազիտային՝ էխինոկոկային կիստաներ, որը կարող ենք տարբերակել ԿՏ հետազոտությամբ։ Այս դեպքում ցուցված է վիրահատական հեռացումը։

– Կիստայի պունկցիան ի՞նչ պարբերականությամբ են կատարում։

Կիստայի պունկցիան կիստայի մեջ եղած հեղուկի արտածծումն է։ Կիստայի պատերը պարբերաբար արտադրում են հեղուկ, որը դուրս չի գալիս, և տրամաբանորեն, եթե պունկցիա ենք անում, հեղուկը քաշում ենք, ապա կիստայի պատերը պահպանելով, կարող ենք հասկանալ, որ որոշ ժամանակ հետո մենք կունենանք հեղուկի կուտակում՝ նույն վայրում։ Արմատական բուժման դեպքում վիրահատական եղանակով կիստայի պատերը հեռացվում են։

Երիկամի կիստան ունի՞ ժառանգական բնույթ։

– Ոչ։ Ժառանգական բնույթի հետ կապված հստակ հետազոտություն չկա։

Ամեն դեպքում ի՞նչն է հանգեցնում կիստայի առաջացման։

– Չկան նախապայմաններ։ Կարող են լինել տրավմաները։ Չկա նաև հստակ սնունդ։ Մեր ազգաբնակչության մոտ հաճախ են հանդիպում տարբեր մեծության կիստաներ։

Ո՞ր տարիքի և սեռի մարդկանց մոտ է ավելի շատ հանդիպում այն։

– Հանդիպում են և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ՝ նույն հավասարությամբ։ Տարիքի հետ կիստաների առկայության հավանականությունը մեծանում է։

Երիկամի կիստան պայթո՞ւմ է։

– Այո, լինում է, որ կիստան բորբոքվում է, թարախակալում։ Պատահում է, որ կիստայի մեջ արյունազեղում է առաջանում։ Լինում է, որ կիստան պատռվում է։ Ինչքան կիստան մեծանում է, այս ամենի հավանականությունը ևս մեծանում է։

Տեսանյութեր

Լրահոս