Բաժիններ՝

«Ամեն ինչ կախված է ժողովրդի կամքից, անկախ այն հանգամանքից, թե ինչ է ասում Տիգրան Ավինյանը. ուղևորների 50 տոկոսը 150 դրամ չի վճարում». Պեդրո Զարոկյան

Մեկ շաբաթից ավելի է՝ հանրությունը բոյկոտում է հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ. քաղաքացիները երթևեկելիս վճարում են ոչ թե 150, այլ 100 դրամ։

Իշխանությունները փորձում են հանրությանը համոզել, որ ուղեվարձը բարձրացնելով՝ բարեփոխում են հանրային տրանսպորտը՝ ավելի լավն են դարձնում, սակայն մարդիկ բարեփոխված հանրային տրանսպորտ չեն տեսնում և դրա հույսն էլ չունեն։

Իսկ, օրինակ, Նիկոլ Փաշինյանն էլ ԱԺ ամբիոնից բացատրում էր՝ եթե ուղեվարձը չբարձրացնեն, ապա ավտոբուսներում նստարանի փոխարեն կլինի իշաոտնուկ, պատուհաններին ապակիների փոխարեն՝ ցելոֆան։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը վստահ է՝ եթե հանրության ճնշումը մեծանա, իշխանությունները հանրային տրանսպորտի ուղեվարձը 150 դրամից կրկին կդարձնեն 100 դրամ։

Կարդացեք նաև

«Ամեն ինչ կախված է ժողովրդի կամքից, անկախ այն հանգամանքից, թե Տիգրան Ավինյանն ինչ է ասում, 2-3 ամիս էլ այսպես շարունակվի, իրենք չեն բարձրացնի։ Որքան հասկացա տվյալներից, հանրային տրանսպորտից օգտվողների մոտավորապես 50 տոկոսը 150 դրամ չի վճարում, մնացած 50 տոկոսից էլ վճարում են այն մարդիկ, որոնք միասնական տոմսային համարկարգի քարտերից են ձեռք բերել։ Եթե քաղաքային իշխանությունը տեսնի, որ մարդիկ չեն վճարում կամ վճարելուց էլ 100 դրամ են վճարում, կվերանայի իր քաղաքականությունը, իհարկե, մարդկանց ճնշման ներքո»,- 168.amի հետ զրույցում նշեց Պեդրո Զարոկյանը։

Նա ընդգծեց՝ իշխանությունները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, թող հասարակությանը չստեն, թե բարձրացնում են գինը, որ ավտոբուսներում իշաոտնուկ չլինի, կամ «գազելները» հետ չբերեն։

«Ովքեր նման հայտարարություն են անում, իմացեք, իրենք մաս են կազմում համակարգային կոռուպցիային։ Այսքան անհասկացող չեն կարող լինել, էլի, հիմա եթե 100 դրամով մարդիկ երթևեկեն ու այդ գումարը տանեն բյուջե, ապա 80 տոկոսից ավելի գումար կհավաքագրվի։ Այդ 80 տոկոսով հնարավոր է ծախսերը փակել, նոր ավտոբուսներ ձեռք բերել։

Եթե նման հայտարարություն է անում իշխանությունը, ապա իրենց ձեռնտու է, որ մտնեն ժողովրդի գրպանը, այնտեղից փող հանեն, որ իրենց օրվա ծախսերն անեն, ճանապարհորդեն, կոռուպցիայով զբաղվեն և այլն»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա նաև ընդգծեց, որ տենդերները, որոնք մեծ մասամբ, չգիտես ինչպես, միշտ շահում են ՔՊ-ականները, համակարգային կոռուպցիայի մաս են կազմում, ինչն իշխանությունը բնավ չի ցանկանում վերացնել։

«Կրկնում եմ՝ մինչև ժողովրդի ճնշումը չլինի, Տիգրան Ավինյանը հետքայլ չի անելու, առնվազն փետրվարի 11-ի նիստում չեմ սպասում, որ նա որևէ հայտարարություն կարող է անել 100 դրամներին վերադառնալու համար։ Բոյկոտը երկար պետք է լինի, որ այդ արդյունքը լինի։ Հիմա էլ քաղաքապետարանն ուզում է ավտոբուսներում հսկիչներ դնի, եթե հսկիչներին հաջողվի ժողովրդին ճնշել, ապա 150 դրամները կմնան, հետո ավելի կբարձրացնեն, եթե ժողովուրդը ճնշվեց՝ իշխանությունը հետքայլ կանի»,- ընդգծեց Պեդրո Զարոկյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս