Եկել է իրական բարեփոխումների ժամանակը. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամանն այսօրվա խմբագրականում գրում է. «Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ USAID-ն թե՛ Հայաստանում եւ թե՛ ամբողջ աշխարհում իրականացրել է շատ օգտակար ծրագրեր: Ո՞վ կարող էր առարկել, օրինակ, երբ այդ կառույցը օգնում էր աղքատ երկրներին դեղորայք կամ բժշկական սարքավորումներ գնել:

Ես դա գնահատում եմ որպես ամերիկացի ժողովրդի բարության եւ մեծահոգության դրսեւորում, եւ այդ հատկություններն իսկապես հատուկ են շարքային ամերիկացիներին: Բայց որոշ բաներ ես իսկապես չեմ հասկանում, իսկ դավադրապաշտական բացատրությունները ես չեմ ընդունում՝ դրանք ինձ չափազանց պրիմիտիվ են թվում:

Սպիտակ տան վերջերս հրապարակած առավել անհեթեթ ծախսերի թվում էին հետեւյալը՝ 47 հազար դոլար Կոլումբիայում տրանսգենդերային օպերա բեմադրելու եւ 32 հազար դոլար Պերուում տրանսգենդերային կոմիքսներ հրապարակելու համար: Ես որեւէ նախապաշարում չունեմ սեռափոխների դեմ՝ եթե նրանք ցանկանում են օպերա բեմադրել, ապա դա իրենց ցանկությունների, նախասիրությունների, ճաշակի հարցն է:

Ի՞նչ գործ ունեն այստեղ ամերիկացի հարկատուները, եւ ի՞նչ են նման ծրագրերից շահում Պերուի կամ Կոլումբիայի ժողովուրդները:

Կարդացեք նաև

Կարող եմ միայն ենթադրություն անել, որ խնդիր կար ապացուցելու, թե մարդու սեռական, ազգային, կրոնական ինքնությունը «զրո» է, եւ դրանք փոխելը, աղճատելը, ոչնչացնելը ինչ-որ մի հատուկ հերոսություն է:

Ո՞վ է դրանից շահում, ո՞ւմ է այդ ամենը ձեռնտու՝ դա իրականում լուրջ փիլիսոփայական հարց է, եւ կրկնեմ, «հուդամասոնական դավադրության» մասին տեսություններն այստեղ ոչինչ չեն բացատրում: Եթե ընդհանրացնենք, ինչո՞ւ են մեզ փորձում համոզել, որ ճիշտ ու սխալ սկզբունքորեն չկա, որ ամեն ինչ խիստ հարաբերական է: Բայց դա դեռ քիչ է՝ այդքանով հանդերձ, ձգտում են համոզել, որ կան ինչ-որ «ճնշված խմբեր» (կամ նրանք, ովքեր ինչ-որ անհայտ չափանիշներով ճնշված են «նշանակվել»), եւ նրանք, այնուամենայնիվ, ավելի «ճիշտ են», քան մնացածները:

Այդ, ինձ համար անհասկանալի, փիլիսոփայությունը բերել է բոլոր տեսակի արժեքների զրոյացմանը եւ անկառավարելի վիճակին ամբողջ աշխարհում եւ առանձին երկրներում:

Ինձ թվում է, եկել է բոլոր տեսակի՝ քաղաքական, տնտեսական, կրթական համակարգերի վերանայման ժամանակը: Չգիտեմ, արդյոք կա՞ն ուժեր, որ այդ՝ հասունացած բարեփոխումները պատրաստ են ֆինանսավորել»։

Տեսանյութեր

Լրահոս