Սպիտակ տունը ներկայացրել է՝ ինչ «չարամիտ ծրագրերի» վրա է USAID-ը ծախսել ամերիկացի հարկատուների գումարները
Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) անպատասխանատու է գտնվել հարկատուների առաջ, քանի որ առանց վերահսկողության հսկայական գումարներ է տրամադրում բյուրոկրատների ծիծաղելի և, շատ դեպքերում, չարամիտ ծրագրերին. այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, որում ներկայցված է USAID-ի կողմից հարկատուների գումարների չարաշահման և վատնման մի քանի օրինակ՝
– 1,5 միլիոն դոլար Սերբիայի աշխատավայրերում և բիզնես համայնքներում բազմազանությունը, հավասարությունը և ներառականությունը զարգացնելու համար,
– 70,000 դոլար՝ Իռլանդիայում բազմազանության, հավասարության և ներառականության մյուզիքլի արտադրության համար,
– 2,5 միլիոն դոլար՝ Վիետնամում էլեկտրական մեքենաների համար,
– 47,000 դոլար՝ Կոլումբիայում «տրանսգենդեր օպերայի» համար,
– 32,000 դոլար՝ Պերուում «տրանսգենդեր կոմիքսների» համար,
– 2 միլիոն դոլար՝ Գվատեմալայում սեռի փոփոխությունների և ԼԳԲՏ ակտիվիզմի համար,
– 6 միլիոն դոլար՝ Եգիպտոսում զբոսաշրջության ֆինանսավորման համար,
– Հարյուր հազարավոր դոլարներ շահույթ չհետապնդող կազմակերպության համար, որը կապված է ահաբեկչական կազմակերպությունների հետ,
– միլիոնավոր դոլարներ՝ EcoHealth Alliance-ին, որը ներգրավված էր Ուհանի լաբորատորիայում հետազոտության մեջ
– Հարյուր հազարավոր սննդի փաթեթներ՝ Սիրիայում «Ալ Քաիդա»-ի հետ կապված զինյալների համար,
– Զարգացող երկրներում «անհատականացված» հակաբեղմնավորիչների ֆինանսավորում,
– Հարյուրավոր միլիոնավոր դոլարներ՝ Աֆղանստանում ոռոգման ջրանցքների, գյուղատնտեսական սարքավորումների և նույնիսկ պարարտանյութերի ֆինանսավորման համար, որոնք օգտագործվում են կակաչի աճեցման և հերոինի արտադրության համար՝ հօգուտ թալիբներին։
Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ այս ցանկը կարելի է շարունակել, և այդ ամենը տեղի է ունենում տասնամյակներ շարունակ:
«Նախագահ Թրամփի օրոք վատնումը, խարդախությունը և չարաշահումը հիմիկվանից ավարտվում են», – ասված է հաղորդագրության մեջ:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Թրամփի վարչակազմը մտադիր է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) միացնել Պետքարտուղարությանը և կրճատել այդ կազմակերպության աշխատակիցների թիվը: Անգամ միաձուլման պարագայում USAID-ն կշարունակի գործել մարդասիրական օգնության համար պատասխանատու կառույցի կարգավիճակով:
Թրամփը նախկինում բազմիցս քննադատել է USAID-ն՝ նշելով, որ այն ամերիկացի հարկատուների գումարները ծախսում է ԱՄՆ-ի շահերին չծառայող նախագծերի վրա:
USAID-ը ստեղծվել է 1961 թվականին նախագահ Ջոն Քենեդու վարչակազմի օրոք. այն ԱՄՆ կառավարության մարդասիրական թևն է: Այն տարեկան միլիարդավոր դոլարներ է տրամադրում ամբողջ աշխարհում՝ փորձելով պայքարել աղքատության և սովի դեմ, աջակցել տարբեր հիվանդությունների բուժմանն ու բնական աղետների հետևանքների վերացմանը: Գործակալությունն ԱՄՆ-ի հիմնական փափուկ ուժի գործիքն է՝ խթանելու հարաբերություններն ամբողջ աշխարհում տարբեր համայնքների հետ:
Ձեռներեց, միլիարդատեր Իլոն Մասկը, որը գլխավորում է ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), երեկ ասել է, որ Թրամփը համաձայնել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պետք է «փակվի»:
«Ինչ վերաբերում է ԱՄՆ ՄԶԳ-ի հարցին, ես մանրամասն ներկայացրել եմ (նախագահին), և նա համաձայնել է, որ մենք պետք է փակենք այն», – ասել է Մասկը երկուշաբթի վաղ առավոտյան X Spaces-ի հետ զրույցում:
Մասկի խոսքով՝ ինքը «մի քանի անգամ» ճշտել է հարցը Թրամփի հետ, և վերջինս հաստատել է, որ ցանկանում է փակել գործակալությունը, որը տարեկան միլիարդավոր դոլարների մարդասիրական օգնություն է հատկանցնում և զարգացման ֆինանսավորում տրամադրում: