Փաշինյանի գրպանում ծվարած սպանե՛ր, Բանակի օրը ձերը չէ. Սուրեն Սուրենյանց
Հայոց բանակի կազմավորման օրը բոլորս հիշում ենք ակնածանքով, որովհետև անկախ նրանից, որ մեր բանակի ողնաշարը կոտրել են, միևնույն է՝ բանակը մեր հպարտության ակունքն է. բոլորս ակնածանքով ենք խոսում մեր սպաների մասին, իհարկե, բացառություն են կազմում այն սպաները, որոնք անամոթաբար ծվարել են Փաշինյանի գրպանում. Բանակի օրը նրանցը չէ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով հայոց բանակի կազմավորման 33-րդ տարադարձին և օրվա խորհրդին, նման տեսակետ հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Այս օրն այն սպաների համար չէ, որոնք քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ անամոթաբար ծվարել են Փաշինյանի գրպանում»,– շեշտեց Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ այսօր հայոց բանակը դժվարին օրեր է ապրում, որովհետև վերջին պատերազմները հայ ժողովրդի գլխին եկել են Հայաստանի իշխանության ապիկար քաղաքականության հետևանքով և մնացել բացառությամբ բանակի ուսերին։
«Շատ դժվար է պարտված երկրի բանակ լինելը։ Մեր երկրում բանակը ոչ թե արժևորում են, այլ փորձում են դարձնել պարտության մեղավորը»,- ասաց Սուրեն Սուրենյանցը՝ հիշեցնելով, որ բանակի դեմ այս իշխանության արշավը տեսանելի էր դեռևս 2018 թվականից, երբ եկան իշխանության։
Որպես ասվածի ապացույց՝ նա նշեց այն փաստը, ինչ այս իշխանությունն արեց գեներալ Մանվել Գրիգորյանի հետ։
«Իրենք առաջինը թիրախավորեցին Մանվել Գրիգորյանին՝ ամենաստոր միջոցներով, իհարկե, Գրիգորյանն ուներ թերություններ, բայց նա իր բոլոր թերություններով հանդերձ՝ մեր առաջին պատերազմի լեգենդներից էր, գեներալի իրական կերպար։ Մանվելով սկսվեց, բայց Մանվելով չավարտվեց»,- հիշեց Սուրենյանցը՝ ընդգծելով, որ Փաշինյանի ամեն ելույթ ոչ թե արժեվորում է բանակը, այլ՝ արժեզրկում։
«Այս իշխանությունը բանակն է նստեցրել մեղադրյալի աթոռին»,- ասաց Սուրենյանցը։
Վերջինիս դիտարկմամբ՝ Արցախը հանձնած ՀՀ իշխանությունը ոչ միայն չի բավարարվում Հայոց բանակը քավության նոխազ դարձնելով, այլ անում է շատ վտանգավոր քայլեր. նման մի վտանգավոր քայլ հայտարարության տեսքով Փաշինյանն արեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում՝ ասելով, թե՝ եթե մենք մնում ենք Արարատի խոսույթի համատեքստում, Հայաստանը մարտունակ բանակ չի կարող ունենալ։
«Սա շատ վտանգավոր հայտարարություն է. Փաշինյանն ինքնախոստովանություն է արել՝ հայտարարելով, որ Արևմուտքը մեզ չի սպառազինի և պաշտպանի, նա ասաց, որ քանի դեռ ունեինք Արցախ, մեզ արևմտյան որևէ երկիր չի համաձայնել սպառազինել, և սպառազինվելու համար ինքը հրաժարվել է Արցախից։ Ասում է նաև, որ Արևմուտքը հիմա էլ չի զինի ոչ Թուրքիայի, ոչ էլ նրա դաշնակից Ադրբեջանի դեմ»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։