
«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Լեչե»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցեց «Լեչե»-ի հետ:
«Ինտեր»-ին հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել հանդիպման մեկնարկից ընդամենը 5 րոպե անց: Աչքի ընկավ Ֆրատեզին: Խաղակեսի վերջնամասում` 39-րդ րոպեին, «Ինտեր»-ը երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Գոլը հեղինակեց Մարտինեսը: «Ինտեր»-ին հաջողվեց զարգացնել հաջողությունը նաև երկրորդ կեսում: Ինձագիի գլխավորած թիմին հաջողվեց ևս երկու գնդակ ուղարկել «Լեչե»-ի դարպասը: Գոլերն իրենց ակտիվում գրանցեցին Դումֆրիսը և Թարեմին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 58-րդ րոպեին:
«Լեչե»-«Ինտեր»` 0:4:
Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակում երկրորդն է 50 միավորով: Առաջին տեղում 53 միավորով «Նապոլի»-ն է: