Նիկոլ Փաշինյանը՝ հանրային տրանսպորտի թանկացման մասին
«Ես կողմ եմ, որ Երևանն ունենա տրանսպորտ, որ ունենա ոչ միայն այսօր, այլև 5, 10, 15 տարի հետո»։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ կո՞ղմ է հանրային տրանսպորտի թանկացմանը։
«Երևանը ժամանակին ունեցել է տրանսպորտային համակարգ՝ մետրո, տրոլեյբուս, ավտոբուս, այն մինչև վերջերս չի եղել, որովհետև դրա կառավարման հիմքում տնտեսական արդյունավետության կամ հարատևության գաղափար կամ բանաձև չի դրվել, ասվել է՝ կա տրանսպորտ, եկեք էնքան քշենք, մինչև կմաշվի, մինչև անշարժություն, դրանից հետո արդեն «ԳԱԶել» կլինի, «ԵՐԱԶ» կլինի, մեր գործը չի»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր տասնյակ գյուղերում և բնակավայրերում տրանսպորտային համակարգ ներդնելու խնդիր կա․ մարդիկ չեն կարողանում գյուղերից տեղաշարժվել, միակ տարբերակը տաքսիներն են։
«Ես խոսք եմ տվել, որ «ԳԱԶել»-ները դուրս կգան քաղաքից, դուրս են եկել, այսօր «ԳԱԶել» չկա քաղաքում, բայց տրանսպորտային համակարգը պետք է զարգանա, փոխվի, հիմա էլ մետրոն ենք մաշացնում, մինչև երբ պետք է մաշացնենք։ Բերել ենք MAN ավտոբուսները, ասում ենք 5 տարում կմաշենք, հետո ինչ կլինի, կլինի, ես համաձայն չեմ այս տրամաբանությանը»,- ասաց Փաշինյանը։