Որևէ մեկը չի նշանակվել որևէ պաշտոնում կին կամ տղամարդ լինելու համար․ Փաշինյան

«Որևէ մեկը չի նշանակվել որևէ պաշտոնում կին կամ տղամարդ լինելու համար: Նշանակվել են, որովհետև արձանագրումը եղել է այն, որ այդ թեկնածուներն այս իրավիճակում և այս համակարգում կարող են արդյունավետ աշխատել և ընդ որում՝ եթե իմ նշանակման կամ մեր կողմից առաջադրվող թեկնածու մասին է խոսքը, մեր կամ իմ գնահատականը եղել է այն, որ տվյալ պահին արդյունավետը կլինի այդ պաշտոնյան»: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատությանը, թե ուժային կառույցների հիմնական մասում և այլ պաշտոններին նշանակում է կանանց:

«Որևէ մեկը չի նշանակվել, պատկերացնում եք ինչ աբսուրդ է, այ որովհետև կին է, եկեք իրեն նախարար նշանակենք, որովհետև ինքը տղամարդ է, եկեք իրեն նախարար նշանակենք, կամ որովհետև կին չէ, եկեք իրեն հանենք նախարարի պաշտոնից:

Կներեք, ես լավ չեմ հասկանում այդ խոսույթը: Իսկ ընդհանրապես մենք այս խոսակցությունից դուրս համարո՞ւմ ենք, որ կանայք հանրային կյանքի բոլոր ոլորտներում պետք է ավելի մեծ ներգրավվածություն ունենան և մենք չպետք է, ոչ թե պետք է օգնենք, այլ պետք է չխոչընդոտենք, որ դա տեղի ունենա»,-հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս