Մենք Իրանին ու Ռուսաստանին ինտենսիվորեն ներկայացնում ենք ԵՄ-ի հետ մերձենալու մեր դիրքորոշումը. Փաշինյանը՝ Դավոսում
Այսօր Դավոսում պանելային քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը կաջակցի խաղաղության իր օրակարգի իրագործմանը։
Նրա խոսքով՝ «խաղաղության խաչմերուկ» նախագիծը կաշխատի, երբ հնարավոր լինի Ադրբեջանի հետ հասնել կայուն խաղաղության, ինչը, սակայն, դեռևս իրականացված փաստ չէ, բայց Երևանն աշխատում է այս ուղղությամբ։
Նա նաև հայտարարեց, թե ՀՀ-ն պետք է կարողանա նաև դիվանագիտական կապեր հաստատել Թուրքիայի հետ, այս ուղղությամբ ևս ակտիվ ջանքեր են գործադրվում։
«Ինձ հաճախ հարցնում են՝ այս հարցում ես հոռետե՞ս եմ, թե՞ լավատես։ Ես պատասխանում եմ, որ ո՛չ հոռետես եմ, ո՛չ լավատես, ես իրատես եմ։ Մենք պետք է աշխատենք այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրը լուծված չէ։ Գլխավոր հարցը խաղաղության օրակարգից չշեղվելն է, պետք է կենտրոնանալ նպատակի վրա։ Այս խնդրի լուծման համար մենք նաև միջազգային հանրության աջակցության կարիք ունենք, և ես հուսով եմ, որ այս աջակցությունը մեզ կտրամադրվի »,- նշեց Փաշինյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը ցանկանում մոտ լինել Եվրոպական միությանը, Փաշինյանն ասաց, թե ՀՀ-ն ընտրել է ժողովրդավարության ուղին, ինչպես նաև Երևանը ցանկանում է Եվրոպական միությանը հնարավորինս մոտ լինել տնտեսական կապերով, բայց միաժամանակ ցանկանում է նաև տարածաշրջանային տնտեսական ամուր կապեր ունենալ:
«Մենք շատ թափանցիկ ենք գործընկերների հետ հարաբերություններում, ես կասեի՝ կասկածելիորեն թափանցիկ։ Մենք Իրանին և Ռուսաստանին տեղյակ ենք պահում ԵՄ-ի հետ մեր մերձեցման ծրագրերի մասին, քանի որ մենք հասկանում ենք` անհրաժեշտ է աջակցել տարածաշրջանի զարգացմանը, և կարևոր է չկորցնել հավասարակշռությունը, որը կարող է հանգեցնել կայունության կորստի»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը փորձում է կառավարել ռիսկերն ու օգտվել հնարավորություններից։