Պարտադիր չէ վազելով գնալ ու գլուխը տալ պատին, պետք է դիմացը նայել. Թադևոս Ավետիսյանը՝ Փաշինյանին
«Պարտադիր չէ վազելով գնալ ու գլուխը խփել պատին, կարելի է դիմացը նայել, այն պրոբլեմը, որը տեսանելի է, երկու տարի է՝ այդ մասին խոսվում է, լուծել, չընկնել այդ պրոբլեմի մեջ, 800 հազար մարդու էլ հետը տանել այդ պրոբլեմի մեջ»,- ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Նա ասաց, որ իր հայտարարագրի օրինակով կարող է հիմնավորել՝ կառավարությունը ճիշտ չի ասում, թե հարկային նոր բեռ չի ավելանում քաղաքացու համար:
«Ձեր հնչեցրած նպատակները շատ լավն են, դրան ո՞նց կարելի է դեմ լինել, այո, հարկ պետք է տալ, պետություն պետք է ունենալ, բայց այս գործիքն ուղղակի դրա հետ կապ չունի: Դուք այնպես եք ներկայացնում, որ կարծես թե ՀՀ-ում այս գործիքով եկամուտների մասին պետք է պետությունը տեղեկատվություն ունենա: Այդ համակարգը կա՝ եկամուտների անձնավորված հաշվառման համակարգ ունենք, բավականին առաջանցիկ, միջազգային ֆինանսական կազմակերպությունները գնահատական են տվել, հիմա դուք այդ համակարգից վերցնում եք աշխատավարձը, դնում եք սրա վրա, քաղաքացին պետք է մտնի հաստատի, դուք ասում եք՝ սրանով այս հարցերը լուծված են: Հիմա, օրինակ՝ իրականում պատկերացնում եք, որ այս հայտարարագրով կլուծեք թափանցիկության հա՞րցը»,- հետաքրքրվեց նա:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԱՄՆ-ը շատ հայերի համար է գրավիչ, և ֆիլմից դրվագ հիշեց. «Մեծ համայնք ունենք, և հիմնական մասը ներգաղթել է ԱՄՆ վերջին 20-30 տարում: Ես համոզված եմ՝ դուք տեսել եք «Փախուստ Շոուշենկից» ֆիլմը, որտեղ մի տեսարան կա, երբ բանկիրը, որը հայտնվում է բանտում, մի իքս պահի իրավապահ համակարգի աշխատողների մի մեծ հերթ է գոյանում, թղթերով գալիս են, որ իրենց հայտարարագիրը լրացնեն:
Իհարկե, իրական իրադարձությունների վրա չէ, բայց այն, ինչ արտահայտված է առնվազն հայտարարագրերի մասով, 100 տոկոս ճշմարտություն է, որ այդ հայտարարագիրը… այդ ժամանակ այդքան հայ չկար ԱՄՆ-ում: Այդ իրադարձություններից մի քանի տասնյակ տարի անց ԱՄՆ-ը դարձել է գրավիչ: Էսօր ոչ մեկը չի ասում՝ ինչի եք սենց անում: Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում գրեթե զանգվածային արտագաղթ հայտարարագրվող երկիր: Սա՝ որպես մի պատկեր»:
Մանրամասները՝ տեսանյութում