Բոյկոտ…  Զգուշացե՛ք ընդդիմադիրի քողի տակ հանդես եկող ՔՊ-ի արբանյակներից, կամ՝ ինչպես Արամ Զավենի Սարգսյանը հերթական ծառայությունը մատուցեց Փաշինյանին

Երեկ պետք է տեղի ունենար Երևանի ավագանու արտահերթ նիստը, որի օրակարգային գլխավոր հարցը տրանսպորտի ու կարմիր գծերի սակագների թանկացումը չեղարկելն էր: Նիստը, իհարկե, չկայացավ՝ քվորում չապահովվելու պատճառով:

Բնական է, որ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցությունը չէր ներկայանալու նիստին, բայց քանի որ միայն իր ձայներով չէր կարողանա համապատասխան ձայների հարցը լուծել, իհարկե, նրան օգնության հասավ ընտրությունների ժամանակ ընդդիմադիր քաղաքական ուժի դիմակի տակ երևանցիների ձայները կողոպտած Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության համանուն խմբակցությունը, որն օգնեց վերարտադրվել՝ ինչպես ՔՊ-ին ու Տիգրան Ավինյանին, այնպես էլ՝ երեկ վիժեցրեց թանկացման հարցով հրավիրված նիստը:

Մինչ այդ «Հանրապետություն» խմբակցությունը հայտարարություն էր տարածել առ այն, որ չի մասնակցելու ավագանու նիստին:

«Սիրելի երևանցիներ, հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ «Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու հունվարի 21-ին հրավիրվող արտահերթ նիստին։ Մենք, հասարակությունը բևեռացնող և Երևանի զարգացմանը խոչընդոտող կեղծ օրակարգեր, չենք քննարկում։ Մենք հասկանում ենք, որ տրանսպորտային միասնական համակարգի յուրացման հարցում ամեն օր բոլորս բախվում ենք տարբեր խնդիրների: Շնորհակալ ենք ձեր բարձրացրած հարցերի համար, որոնք քաղաքային իշխանությունը քննարկում է ու լուծումներ գտնում։

Կարդացեք նաև

Մենք պետք է ունենանք 21-րդ դարի զարգացած մայրաքաղաքին համապատասխան տրանսպորտային համակարգ: Մեր նպատակը հստակ ժամանակացույցով աշխատող, կահավորված կանգառատեղիներով, վարորդների աշխատանքի նպաստավոր պայմաններով համակարգ ստեղծելն է:

Այո, սկզբում բարդություններ են լինելու ու ժամանակավոր դժվարություններ: Նոր համակարգ է ներդրվում, որին պետք է տիրապետել ու ընտելանալ: Պատրաստ ենք քննարկել Երևանի զարգացման ու երևանցիների խնդիրները լուծելուն ուղղված բոլոր առաջարկները, որոնք քաղաքական շահարկման առարկա չեն:

Շնորհակալ ենք երևանցիներին՝ ըմբռնումի ու պատրաստակամության համար»,- ասվում էր Արամ Զավենի Սարգսյանի կուսակցության համանուն խմբակցության տարածած հաղորդագրության մեջ։

Այս և համանման տեքստեր իշխող ՔՊ-ն հատկապես վերջին շաբաթվա ընթացքում հրապարակում է ամեն օր ու ՔՊ-ական տարբեր շուրթերից: Հանրության գերակշիռ մասը կտրականապես դեմ է տրանսպորտի գնի թանկացմանը, մասնագետներն էլ ասում են՝ քաղաքային տրանսպորտի բարեփոխումը կարելի է իրականացնել առանց գինը 100 դրամից փոփոխելու, հատկապես որ, թանկացել են հարկերը, մասնավորապես՝ կայանատեղիների վարձավճարները, գույքահարկը, աղբի վճարը և այն ամենը, ինչը հնարավոր է թանկացնել: Ու երբ հատկապես քաղաքային իշխանությունը հայտարարում է, որ ստվերը գրեթե վերացրել է, մարդկանց համար անհասկանալի է՝ ինչո՞ւ է ուրեմն այդ պայմաններում թանկանում տրանսպորտը, որը սոցիալական նշանակություն ունի, ու պետք չէ տրանսպորտից գերշահույթ ակնկալել:

Այս փաստարկները որևէ լուրջ քննադատության, իհարկե, չեն դիմանում, ու երբ հարցը հասնում է այնտեղ, որ դրան պետք է առարկայական լուծում տրվի, Տիգրան Ավինյանին, իսկ ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանին օգնության է հասնում Արամ Զավենի Սարգսյանի խմբակցությունը:

Այս կուսակցությունն իր առաջնորդով արդեն իսկ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ փորձարկել է ընդդիմադիր շղարշի ներքո ձայներ գողանալու պրակտիկան և վստահաբար նույնն անելու է արդեն իսկ համապետական ընտրությունների ժամանակ՝ գողանալով ՀՀ քաղաքացու քվեն, ինչպես 2021թ. արեց իր գործընկեր ՔՊ-ն՝ մարդկանց խոստանալով Արցախի ինքնորոշում ու Շուշիի և Հադրութի դեօկուպացիա, ապա Ադրբեջանին նվիրելով Արցախն ամբողջությամբ:

Ամեն դեպքում իշխանությունը վախեցած է, և տեսնելով, որ ժողովուրդը լուրջ է տրամադրված, և փետրվարի 1-ից տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիների բոյկոտն իրականություն է դառնալու, և չաշխատեց նաև ենթադրյալ 50 000 տուգանքի կեղծ թեզը, Ավինյանն այսօր՝ քիչ առաջ իբր նոր սակագների առաջարկ ներկայացրեց՝ մարդկանց մոլորեցնելու ևս մեկ փորձ կատարելով:

Այսպիսով, փետրվարի 11-ի Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ Ավինյանն առաջարկելու է հետևյալ փոփոխությունները՝

  • 10 ուղևորություն – 2000 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։
  • 300 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 180 րոպե, ներկայիս 90 րոպեի փոխարեն։
  • 1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ, ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։
  • 7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։

Հիշեցնենք նաև, որ հունվարի 1-ից գործում են նաև հետևյալ փաթեթները՝

30 օր- 9000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ,
90 օր- 24000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ,
365 օր – 90000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ։

Սա այսօր ներկայացրել է Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ:

Իրականում թեմայից տեղյակ ուշադիր ընթեցողը կտեսնի, որ Ավինյանի առաջարկում գնային փոփոխություն չկա, ավելացել է միայն տոմսերի՝ ուժի մեջ լինելու ժամկետը: Այնպես որ, քաղաքային իշխանությունը թող չհանգստանա. բոյկոտն ուժի մեջ է:

Տեսանյութեր

Լրահոս