Դոնալդ Թրամփ. դեպի նախագահություն տանող ուղին․ «Ամերիկայի ձայն»
Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե վերընտրվել է ամերիկացիների «աննախադեպ ու հզոր մանդատով»։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ամերիկյան ժողովրդին ինձ 47-րդ և 45-րդ նախագահ ընտրելու բացառիկ պատվի համար։ Յուրաքանչյուր քաղաքացու։ Կպայքարեմ ձեզ համար, ձեր ընտանիքների և ձեր ապագայի համար։ Ամեն մի օրը պայքարելու եմ ձեզ համար։ Գործադրելու եմ բոլոր ջանքերը, քանի դեռ չենք կառուցել այն ուժեղ, ապահով և բարեկեցիկ Ամերիկան, որին արժանի են մեր երեխաները և որին դուք եք արժանի»։
Թրամփի վերադարձը իշխանության մասամբ պայմանավորված է նրանով, որ նա պատրաստ չէր ընդունել իր պարտությունը։
«Կարծում եմ՝ տեսնում եք մեկին, ով անհավատալի վստահություն ունի սեփական բնազդի նկատմամբ»։
Ռաս Բյութները և Սյուզան Քրեյգը «Նյու Յորք Թայմս»-ի հետաքննող լրագրողներ են և «Հաջողակ անհաջողակը» գրքի համահեղինակները։ Գրքում ներկայացվում է Թրամփի անցած ուղին, թե ինչպես նա դարձավ միլիարդատեր։
«80-ականների սկզբից Թրամփը սկսեց չվստահել ոլորտային մասնագետներին գրեթե բոլոր հարցերում։ Միշտ վերանայում էր նրանց որոշումները՝ ամեն ինչ այնպես դարձնելու, ինչպես ինքն էր ցանկանում»։
Թրամփին պատկանող շենքերի վրա նրա ազգանունն է՝ ոսկե մեծ տառերով, ինչը նրա փառասիրության և ինքնագովազդի անվիճելի դրսևորում է։
«Այն ժամանակ, երբ հարցազրույց տվեց «Նյու Յորք Թայմս»-ին, նրա ունեցվածքը մոտ 200 միլիոն դոլար էր։ Իսկ մեկ տասնամյակ անց նրա կարողությունը հասել էր մեկ միլիարդ դոլարի, երբ հարցազրույց էր տալիս [CBS-ի] «60 րոպե» հեռուստահաղորդմանը»։
Թրամփն անգերազանցելի էր ուշադրություն գրավելու և իրեն որպես բրենդ ներկայացնելու հմտությամբ։ Նա միլիոնավոր դոլարներ էր վաստակում իր ազգանունով, որն արտոնագրել էր։
Բայց հաջողության հետևում կային խնդիրներ։ Նրա ընկերությունները վեց անգամ հայտարարեցին սնանկության մասին։ Նրա խաղատները գումարներ էին կորցնում և փակվեցին։
Թրամփը վերսկսեց իր «Աշակերտը» հեռուստաշոուն, որը նրան բերեց աննախադեպ ճանաչելիություն։
«Տիկնայք և պարոնայք, պաշտոնապես հայտարարում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում իմ առաջադրման մասին։ Մեր երկիրը կրկին հզոր ենք դարձնելու»։
Թրամփը, իրեն հատուկ անկաշկանդությամբ, հանրությունը բևեռացնող ազգայնական թեկնածու էր:
«Մեքսիկայից այստեղ լավագույն մարդիկ չեն գալիս։ Նրանք բերում են թմրանյութեր, բերում են հանցագործություն, գալիս են բռնարարներ։ [Թեև] ոմանք, ենթադրում եմ, լավ մարդիկ են»։
Որպես նախագահ՝ Թրամփը նշանակեց ԱՄՆ Գերագույն դատարանի երեք դատավոր, որոնք օգնեցին չեղարկել աբորտը թույլատրող դաշնային օրենքը։
«ԱՄՆ-ում մահվան դեպքերի թիվը գերազանցել է 150 հազարը»։
2020 թվականի սկզբին COVID-19 համավարակը փորձություն էր Թրամփի համար։ Նա կարգադրեց արագացնել կյանք փրկող պատվաստանյութերի մշակման գործընթացը, բայց նաև առաջարկեց գիտնականներին ուսումնասիրել վիրուսը ոչնչացնելու նպատակով սպիտակեցնող նյութ ներարկելու հնարավորությունը։
Ավելի քան 9 միլիոն ամերիկացիներ վարակվեցին, մահացությունների թիվը գերազանցեց 230 հազարը, և այդ տարվա նոյեմբերին ամերիկացիներն ընտրեցին Ջո Բայդենին՝ որպես իրենց հաջորդ նախագահ։
Պաշտոնից հեռանալուց հետո Թրամփին ներկայացվեցին մի շարք քրեական մեղադրանքներ, և նա դարձավ ԱՄՆ առաջին նախկին նախագահը, որը դատապարտվել է։
Այդուհանդերձ, նրա ժողովրդականությունը երբեք այսքան բարձր չի եղել։
Անցյալ տարի նրա դեմ երկու մահափորձերը միայն ավելի ամրապնդեցին նրա կապն իր աջակիցների հետ։
«Աստված իր ծրագիրն ունի Թրամփի հետ կապված և փրկեց նրա կյանքը ինչ-որ նպատակով ու պատճառով։ Հուսով եմ՝ նա կդառնա 47-րդ նախագահը»։
Ամերիկյան քաղաքականությունը հիրավի փոխվեց Դոնալդ Թրամփի մուտք գործելուց հետո։
Մարդը, որը ժամանակին համահեղինակել է «Վերադարձի արվեստը» գիրքը, վերադառնում է իշխանության և կարող է Ամերիկայի պատմության մեծերից մեկը դառնալ։