ԱՄՆ-ին պետք է հրադադար, որովհետև պատերազմները սկսել են սպառել Նահանգներին. Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Մայքլ Ուոլցը CBS-ինչ տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ բանակցության:
Որքանով է Ուոլցը արտահայտել իրականությունը, դեռ պետք է պարզել, բայց, եթե անգամ Զելենսկին պատրաստ է դրան, հարց է առաջանում, իսկ Պուտինը: Պուտինը պատրա՞ստ է նրա հետ բանակցության կամ առավել ևս որևէ պայմանավորվածության:
Համենայն դեպս, դատելով հրապարակային հայտարարություններից, Կրեմլը Զելենսկուն համարում է ոչ լեգիտիմ, քանի որ անցել է նրա նախագահական ժամկետը, իսկ նոր ընտրություն չի եղել: Զելենսկին նոր ընտրություն չի անցկացրել պատերազմի պատճառով, թեև իհարկե բուն վախը թերևս եղել է այն, որ կարող էր և պարտվել:
Սակայն, թողնենք Զելենսկու ներուկրաինական կամ այլ մոտիվները: Պուտինը կհամաձայնի՞ բանակցել նրա հետ: Առավել ևս հիմա, երբ նա կարծես թե մարտի դաշտում ունի ռազմավարական առավելություն, առաջ է շարժվում՝ թեկուզ մեծ կորուստների գնով, և կա նաև Թրամփի հանգամանքը, որը իհարկե ինքն իրեն որոշակի կաշկանդել է նախընտրական դիրքորոշումներով ու խոստումներով:
Բայց, բանը միայն խոստումները չեն: Ուկրաինայում դադարը պետք է ԱՄՆ-ին, այլ ոչ թե միայն Թրամփին:
ԱՄՆ անգամ Իսրայելին փաստացի պարտադրեց հրադադար: Այո, թվում է, թե Իսրայելը հիմնահատակ ավիրեց Գազան, բայց, ֆիզիկապես ավիրելով Գազան, քաղաքականապես Իսրայելը փաստորեն պարտվեց, որովհետև համենայն դեպս նրա համաձայնությունը ՀԱՄԱՍ-ի հետ էր, այն ՀԱՄԱՍ-ի, որին ոչնչացնելու մասին էր հայտարարում Նեթանյահուն: Նրան ստիպեցին հրադադարի քաղաքական համաձայնության հասնել մի ուժի հետ, որին ոչնչացնելու մասին էր հավաստիացնում ավելի քան մեկ տարի:
ԱՄՆ-ին պետք է հրադադար, որովհետև պատերազմները սկսել են սպառել Նահանգներին, իսկ այդ ընթացքում Չինաստանը հանդարտ իրագործում է մինչև 2030 թվականն ԱՄՆ զինուժի կարողություններին հասնելու իր ծրագիրը:
Պուտինը անշուշտ լավ է պատկերացնում, որ դադարը պետք է ԱՄՆ-ին: Իհարկե պետք է նաև իրեն, բայց նա 2022 թվականին կատարել է վա բանկ խաղադրույք: Այդտեղ է նրա ուժը, որ նա առաջինն է գնացել վա բանկ, և այդ կերպ լրջորեն սահմանափակել է խաղադրույքը բարձրացնելու իր հակառակորդների հնարավորությունը:
Այստեղ է բարդությունը, որ մնացել է Թրամփի ուսին»: