
ՆԱՏՕ-ն նավեր է կենտրոնացրել Էստոնիայի ափերին՝ Բալթիկ ծովի ստորջրյա մալուխները պաշտպանելու համար

ՆԱՏՕ-ի ռազմանավերը կենտրոնացվում են Էստոնիայի ափերի մոտ, քանի որ դաշինքը ձգտում է պաշտպանել եվրոպական ստորջրյա մալուխները և խողովակաշարերը սաբոտաժից: Այս մասին գրել է The Guardian-ը։
Ըստ հրապարակման՝ Տալլին են ժամանել հոլանդական ֆրեգատ և ռազմածովային հետազոտական նավ, ինչպես նաև գերմանական ականորս նավ։
Հրատարակությունը նշում է, որ նաև սպասվում է ֆրանսիական ականորս նավի և ՆԱՏՕ-ի լրացուցիչ նավերի ժամանում։
Հակաականային պայքարի օպերատիվ խմբի բելգիացի ղեկավար Էրիկ Քոքսի խոսքով՝ դաշինքի նավախումբը, որը կընդգրկի 6-7 նավ, կկատարի «Բալթիկ ծովի անվտանգության տեսախցիկների» դեր, որպեսզի ոչ ոք չկարողանա գործողություններ ձեռնարկել կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների դեմ:
Անցյալ շաբաթ Հելսինկիում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի մասնակցությամբ տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի Բալթյան տարածաշրջանի երկրների գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի արդյունքների շուրջ համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ դաշինքն սկսում է «Բալթյան պահապան» անվանմամբ առաքելությունը, որը «կբարձրացնի դաշինքի իրավիճակային իրազեկությունը» Բալթիկ ծովի տարածաշրջանում: