Հնարավոր զարգացումների դեպքում պետք է պատրաստվենք դիմադրության. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մինչ հասարակությունն արդարացիորեն քննարկում է Ալիևի հերթական սպառնալիքներն ու վերջնագրերը, իսկ իշխանությունը շարունակում է իր շոուները, առկա է Ալիև-Փաշինյան նոր պայմանավորվածություն, Փաշինյանի տխրահռչակ «բանավոր ըմբռնումներից» հերթականը, որի համաձայն, տխրահռչակ GPS-ի հիմքի վրա կրկին Տավուշում, այս անգամ՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածի մի քանի մասերում, Ադրբեջանը մխրճվելու է մեր տարածք։

Այս ամենի հետևանքով թշնամին մի քանի հատվածներում վերահսկողության տակ է վերցնելու Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ ռազմավարական և անվտանգության իմաստով վերստեղծելով լրջագույն մարտահրավերներ։

Զբաղեցնելով կարևորագույն դիրքեր՝ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունը դարձնելու է է՛լ ավելի խոցելի։

Իմ նշած տեղեկության իսկությունը փաստում է հենց Ալիևի հայտարարությունն առ այն, որ իր առաջարկով (պարտադրանքով) հունվարին տեղի է ունենալու սահմանազատման հանձնաժողովների նիստ։

Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ, կարևորագույն դիրքեր, մի քանի հատվածներում վերահսկել միջպետական ճանապարհը և այլն։ Սա կարող է մատուցվել փաշինյանական «եթե չտանք՝ պատերազմ կլինի» կամ «սահմանների ճշգրտում» տխրահռչակ պատճառաբանությունների սուոսով:

Կարևոր է, որ հանրությունը լինի զգոն, և հնարավոր զարգացումների դեպքում պետք է պատրաստվենք դիմադրության՝ հերթական հայրենահանձնումը կանխելու համար։ Նշված գործընթացի վերաբերյալ կտեղեկացնեմ լրացուցիչ»։

Տեսանյութեր

Լրահոս