Ամբողջ աշխարհից են փաստում՝ եթե ՀՀ իշխանությունը չի պահանջում, ոչինչ անել հնարավոր չէ. Աղաբալյան
Այսօր Բաքվի դատարանում մեկնարկում է Բաքվում պահվող 23 հայ գերիներից 15-ի, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։
Նրանց ազատ արձակման պահանջով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև կազմակերպվել է բողոքի ակցիա։
Օկուպացված Արցախի մշակույթի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քանի որ սկսվում է հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը, շատ կարևոր է ևս մեկ անգամ բարձրաձայնել արդարադատության դեմ գործող ոճրագործության մասին և աշխարհի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի հանցագործ գործելակերպի վրա՝ փորձելով կանխել հերթական հանցագործությունը:
«Ռուբեն Վարդանյանի երեկ տարածած հայտարարությունը լավագույնս ցույց է տալիս, թե ինչքան տագնապալի է վիճակը, և ինչպիսի խայտառակ դրություն է տիրում արդարադատության առումով Բաքվում»,- շեշտեց նա՝ հավելելով, որ դա սթափության կոչ էր բոլորիս՝ համարժեք քայլեր ձեռնարկելու, և միջազգային հանրությանը՝ արդարադատությունը պաշտպանելու տեսանկյունից:
«Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը վկայում է, որ մենք ականատես ենք լինելու Ադրբեջանում հերթական բեմականացված շոուի»,- շարունակեց նա՝ շեշտելով, որ ՀՀ իշխանությունը պետք է լինի արդարադատության առաջին պահանջատերը:
Մանրամասները՝ տեսանյութում