Ջալալ Հարությունյանը միանշանակ չի պնդել՝ Դ-20 դիվիզիոնին մոտեցող խմբավորումը յուրային է. նիստին ներկա է ՊԲ նախկին հրամանատարը
Սյունիքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ սկզբում Ջալալ Հարությունյանը մեղադրվում էր պատերազմական 2 դրվագով. առաջինը վերաբերում էր 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարվածի հայտնի օպերացիային, երկրորդը՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկի ուղղությամբ հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին։
Դեռ 2023 թվականի աշնանը հակահարձակման դրվագով ՊԲ նախկին հրամանատարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր, և քրեական գործը դատարան էր մտել միայն «Ցորի» զորամասի՝ Դ-20 դիվիզիոնի վրա հարձակման դրվագով:
Իսկ ինչպես Սյունիքից փոխանցում է 168.am-ի թղթակիցը, Ջալալ Հարությունյանը համաձայնություն է տվել այսօրվա նիստի բաց լինելուն և այն նկարահանելուն մեկ պայմանով՝ եթե ինքը չերևա խոշոր պլանով, թեպետ հեռվից ևս խուսափել է կադրում երևալուց:
Այս պահին եզրափակիչ ելույթով հանդես է գալիս Ջալալ Հարությունյանի պաշտպանական թիմը:
Փաստաբան Արսեն Սարդարյանն իր խոսքում նշել է, որ Ջալալ Հարությունյանի նկատմամբ պետք է արդարացման վերդիկտ կայացվի երկու պատճառով, քանի որ նա իրեն մեղսագրվող արարքը չի կատարել:
Մասնավորապես, ըստ փաստաբանի, Ջալալ Հարությունյանը միանշանակ չի պնդել, որ Դ-20 դիվիզիոնին մոտեցող խմբավորումը յուրայիններ են, այլ միայն ասել է, որ այդ խմբավորումը կարող է յուրային լինել:
Մյուս կողմից, Սարդարյանի խոսքով, եթե անգամ դատարանը համարի, որ Ջալալ Հարությունյանը հետախույզ զինվորականների հետ քննարկումից և ճշգրտող զանգերից հետո միանշանակ ասել է, որ 20 դիվիզիոնին մոտեցող խմբավորումը յուրայիններ են, միևնույն է՝ ՊԲ նախկին հրամանատարի գործողությունները չեն պարունակում նրան մեղսագրվող հանցագործության հանցակազմի հատկանիշներ:
Մանրամասները՝ տեսանյութում