Ռուսական էներգակիրներ, նավթ տեղափոխող նավերը ԱՄՆ պատժամիջոցների պատճառով ջրերում են մնացել
Ռուսական էներգակիրներ տեղափոխող նավերը՝ ավելի քան 2 միլիոն բարել ռուսական նավթ տեղափոխող երեք տանկերները ԱՄՆ պատժամիջոցների պատճառով Չինաստանի արևելյան ջրերում են մնացել: Այդ մասին տեղեկացրել է Bloomberg-ը:
Նավերից երկուսը սպասում են ափի մոտ, իսկ երրորդը գտնվում է Դեղին ծովում, քանի որ Շանդուն նահանգի նավահանգիստները կառավարող ընկերությունն արգելել է պատժամիջոցների տակ ընկած նավերն ընդունել։
Նաև նշվում է, որ Իսպանիայի ափերի մոտ է գտնվում «Գազպրոմ» ռուսական ընկերության հեղուկ գազ տեղափոխող նավը, որը ևս ենթարկվել է պատժամիջոցների։
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին ԱՄՆ-ն արգելափակող պատժամիջոցներ էր սահմանել ռուսական նավթ արտահանող երկու խոշորագույն ընկերությունների՝ «Գազպրոմ Նեֆտ»-ի և «Սուրգուտնեֆտեգազ»-ի դեմ։ Նրանց, տասնյակ այլ ընկերությունների հետ միասին, այժմ արգելված են ֆինանսական գործարքները դոլարի կամ ամերիկյան ֆինանսական համակարգի միջոցով։ Նույն ընկերությունների դեմ սանկցիաներ է սահմանել նաև Մեծ Բրիտանիան:
Պատժամիջոցները տարածվել են նաև Ռուսաստանի խոշորագույն նավագնացության ընկերության՝ «Սովկոմֆլոտ»-ի նկատմամբ։
ԱՄՆ այս նոր պատժամիջոցներին ի պատասխան՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ռուսական էներգառեսուրսների արտահանման արդեն հաստատված ուղիները «հենց այնպես չեն կարող կտրվել, Ռուսաստանը նոր ուղիներ է փնտրելու իր էներգառեսուրսների մատակարարման համար, որպեսզի նվազագույնի հասցնի պատժամիջոցների հետևանքները։ Պեսկովը նաև հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցները «կապակայունացնեն» համաշխարհային էներգետիկ շուկան:
Ի դեպ, ըստ Bloomberg-ի՝ Հնդկաստանը ևս չի ընդունի նավթ տեղափոխող տանկերները, որոնք ամերիկյան պատժամիջոցների են ենթարկվել ռուսական նավթ տեղափոխելու համար: