«Ստեղծագործությունն ուսանողներին հնացած թվաց, բայց ասացի, որ սա իրենց ծնողների երիտասարդությունն է, երբ ամեն ինչ այսօրվա նման ոչնչացված չէր». Հակոբ Ղազանչյան
2024 թվականի ավարտը «Գալյա Նովենց» թատերական դպրոցի ռեժիսորա-դերասանական կուրսի ուսանողների համար «քննական» էր, քանի որ նրանք ուսումնական տարին ամփոփեցին ներկայացմամբ։ Սա «Գալյա Նովենց» թատերական դպրոցի 3-4 սերունդն է։
«Նամակներ պատանեկության կայարաններից» ներկայացումը տեղի ունեցավ Հ. Պարոնյանի անվան թատրոնի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում, այն բեմադրվել է Վարդգես Պետրոսյանի «Դեղատուն Անի» ստեղծագործության մոտիվներով։
Հ. Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի խոսքով՝ այնպես չէ, որ այդ ուսանողները բոլորը կշարունակեն իրենց գործունեությունը թատերական ոլորտում, սակայն շատերը միանշանակ կմնան թատերական աշխարհում։
«Վարդգես Պետրոսյանի այս ստեղծագործությունն ինքս եմ ընտրել, ուսանողներին այն սկզբում մի քիչ հնացած թվաց, բայց ուսանողներին ասացի, որ սա իրենց ծնողների երիտասարդությունն է, ռոմանտիկան, նրանց քաղաքի մասին է։ Ուրիշ աուրա էր, ուրիշ փոխհարաբերություններ էին, ամեն ինչ մի քիչ այլ տեսակի էր, այսօրվա նման ոչնչացված չէր։
Մի խոսքով՝ ուսանողներն աստիճանաբար մտան աշխատանքի մեջ ու սիրեցին այն, սկսեցին կերպարներ ստեղծել, մի մասն ասացին՝ Անահիտ ենք ուզում, մի մասը՝ Անի, այնպես արեցինք, որ համադրենք, ստեղծեցինք իրենց էտյուդները, ինքս համադրեցի դրանք։ Կարծես թե այդ ֆորմատն աշխատեց»,- ներկայացումից հետո 168.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Ղազանչյանը։
Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունը պատահական չի ընտրվել՝ Հակոբ Ղազանչյանը Վարդգես Պետրոսյանի հետ ունեցել է մտերմություն, հաճախ է նրա տուն այցելել, նաև Գրողների միություն, երբ Վ. Պետրոսյանը միության նախագահն էր։
«Իմ առաջին ներկայացումը եղել է նրա «Չապրած տարիները», Վարդգես Պետրոսյանը կարգին անձնավորություն էր, հրաշալի հրապարակախոս։ Նրա բոլոր գործերը հիմնված են դոկումենտալ փաստերի վրա, նաև «Ապրած ու չապրած տարիներ» վիպակը դարձյալ կոնկրետ փաստի հիման վրա է, երբ լրագրող էր ու գնացել էր հետաքննության։ Իմ կողմից ցանկություն եղավ ինչ-որ ձևով հիշել Վարդգես Պետրոսյանին, համեստ ձևով հարգանքի տուրք մատուցել»,- հավելեց նա։
Հակոբ Ղազանչյանը գոհ է ուսանողներից՝ ասելով, թե նրանք իրենց «քննությունը» հանձնեցին, ինչն իրականում ամփոփում էր։
«Այն, ինչը տեսաք՝ 3,5 ամսվա աշխատանք է, մենք այդքան ենք աշխատել, ընդ որում՝ շաբաթական 3 օր։ Ճիշտ է, ուսանողները շատ են աշխատել, առանձին կանչում էի էտյուդներ փորձելու։ Ուսանողների մեծ մասը սովորում է, բայց ոչ թատերական ոլորտում, հիմնականում համալսարանում, զուգահեռ աշխատում են։ Սա, թերևս, ամենագովելի հատկանիշն է ներկայիս երիտասարդների մեջ, որ աշխատանքից չեն ամաչում, աշխատում են, իրենց ուսման վարձն են տալիս, իրենց հագուստն են գնում, ծնողներին են օգնում։ Ցավոք, այդ դպրոցը մեր սերունդը չանցավ»,- շեշտեց նա։
Հակոբ Ղազանչյանը խոտովանում է՝ առաջին անգամ է դպրոցում կուրս հավաքել՝ դստեր՝ դերասանուհի Մարիամ Ղազանչյանի խնդրանքով, քանի որ իր զբաղվածության մեջ դրա ժամանակը չի ունեցել։ Համաձայնել է այն ժամանակ, երբ իմացել է, որ դասերը պետք է տեղի ունենան երեկոյան։
«Չեմ փոշմանել, կարգին երեխաներ են։ Դպրոցը դառնում է յուրօրինակ դարբնոց, և ինձ դուր է գալիս Մարիամ Ղազանչյանի ընտրած նշաձողը։ Նրա մոտ կուրսն արդեն ղեկավարում են հայտնի բեմադրիչներ, մարդիկ, որոնք պրակտիկորեն արդեն աշխատում են, բեմադրություններ են անում՝ Սամսոն Մովսիսյանը, Արթուր Սարիբեկյանը, Արամ Շահբազյանը։ Այս առումով ճիշտ է անում, որպեսզի սա խմբակ չդառնա։ Ինքս այս երեխաներին էլ եմ ասել, որ սա խմբակ չէ՝ պահանջելու եմ այն ամենը, ինչը պահանջում եմ դերասաններից, խմբակի համար կարող են գնալ «Պիոներ պալատ» կամ այլ տեղ, այստեղ պետք է պրոֆեսիոնալ ուսուցում ստանան»,- շեշտեց Հակոբ Ղազանչյանը։