Բաժիններ՝

Ձնաբքի պատճառով ԱՄՆ-ի հարավում փակվել են դպրոցներն ու գրասենյակները

Ամերիկյան հարավային նահանգների իշխանությունները դպրոցներ և բազմաթիվ հիմնարկությունների գրասենյակներ են փակել կանխատեսվող ձնաբքի պատճառով: Այս մասին հաղորդել է Associated Press-ը (AP):

Այսպես, Տեխասում հինգշաբթի օրը՝ հունվարի 9-ին, ավելի քան 1 միլիոն դպրոցականների համար մերկասառույցի պատճառով չեղարկվել են պարապմունքները: Նահանգապետ Գրեգ Էբոթը հայտնել է, որ փրկարարական ծառայությունները պատրաստ վիճակի են բերվել:

Տեխասի Դալլաս քաղաքի շրջանում օդերևութաբանները կանխատեսում են մինչև 10 սմ տեղումներ։ Տեխասի հարեւանությամբ գտնվող Օկլահոմա նահանգում կարող է ավելի քան 12 սմ ձյուն տեղալ:Արկանզասի կենտրոն Լիթլ Ռոքում դպրոցականները հինգշաբթի օրը նույնպես տանն են մնացել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:

Ջորջիայի նահանգապետ Բրայան Քեմփը հայտարարել է հունվարի 10-ին եղանակային վատ պայմանների պատճառով մի քանի հաստատությունների փակվելու մասին: Անձրևը, ձյունը և մերկասառույցը կարող են հասնել հարավային նահանգներ՝ Նյու Մեքսիկոյից մինչև Ալաբամա: Մինչև շաբաթ օրը Ջորջիայի, Հյուսիսային Կարոլինայի և Թենեսիի նահանգներում կարող է մոտավորապես 8 սանտիմետր ձյուն տեղալ:

Անցյալ շաբաթ երկրում մոլեգնել է ձնաբուքը, որի պատճառով առնվազն չորս մարդ զոհվել է: Շուրջ 300 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Բացի այդ, փոթորիկը տրանսպորտային խնդիրներ է առաջացրել՝ ավտովթարներ և հազարավոր չեղարկված չվերթներ։-0-/56/

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս