Եթե ԱՄՆ-ին հաջողվի տարածաշրջանում ճնշել Իրանի գործոնը, հաջորդ պահին Ադրբեջանը կմտնի Սյունիք, Վայոց ձոր, Վարդենիս. Արմեն Բադալյան

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը վստահ է՝ Հայաստանի ու հայ ազգի առջև 2025 թվականին մարտահրավերներն ավելի շատ են լինելու, քան եղել են նախորդ տարի։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ հայ ազգը կա՛մ ոչինչ չի անելու, կա՛մ էլ չի ցանկանում անել։

«Հայաստանը վաղուց արդեն սուբյեկտ չէ, այլ ՀՀ իշխանությունների ձեռամբ սուբյեկտից դարձել է օբյեկտ, ընդամենը դիտորդի կարգավիճակ ունի։

Ազգի, երկրի պոտենցիալն ուղղակի ոչնչացրել են, դրա համար չի կարողանում որևէ բան անել։ 1990-ականներից սկսած՝ Հայաստանից 1-1,5 միլիոն մարդ է գնացել՝ բավականին մեծ պոտենցիալ ունեցող։

Հանեք, ուսումնասիրեք հասարակության սոցիալական կառուցվածքը՝ հանեք թոշակառուներին, հանեք սոցիալապես վատ վիճակում գտնվողներին և այլ շերտերի, այդ ամենը հանելուց հետո կտեսնեք, որ պայքարող զանգվածը քիչ է մնում»,- 168.am հետ զրույցում նշեց Արմեն Բադալյանը՝ խոսելով 2025 թվականին Հայաստանին սպասվող մարտահրավերների մասին։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ դժգոհողները շատ են, սակայն ոչ բոլորն են պայքարում ՀՀ ներկայիս իշխանության դեմ, թեպետ իրենց հռչակել են ընդդիմադիր։ Այսինքն՝ արտաքինից շատերը ներկայանում են ընդդիմադիր, սակայն «տակից» սերտ համագործակցում են իշխանության ու Նիկոլ Փաշինյանի հետ։

Արմեն Բադալյանը Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներից առանձնացրեց ամենագլխավորը՝ թուրք-ադրբեջանական տանդեմից եկող սպառնալիքները, սակայն, ըստ նրա՝ այդ սպառնալիքները կարող են զսպվել այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի Իսլամական Հանրապետությունը տեր է կանգնում իր խոսքին, որ յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականությունը պետք է անձեռնմխելի լինի։

«Թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիան առայժմ զսպում է Իրանի դիրքորոշումը, սակայն ամեն վայրկյան իրավիճակը կարող է փոխվել՝ կախված այն հանգամանքից, թե Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերություններն ինչպիսին կլինեն ու ինչ քաղաքականություն կվարեն։

Եթե Միացյալ Նահանգներին հաջողվի այս կամ այն ձևով ճնշել Իրանի գործոնը տարածաշրջանում, ապա հաջորդ պահին Ադրբեջանը կմտնի Սյունիք, Վայոց ձոր, Վարդենիս ու այլ տարածքներ, և այդ ամենի արդյունքում Հայաստանում կմնա մեկ գերեզմանոցի չափ տարածք»,- շեշտեց Արմեն Բադալյանը։

Ինչ վերաբերում է «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, ապա Արմեն Բադալյանը վստահ է՝ այդ պայմանագիրն Ալիևը դրել է շատ հեռվում, այն չի ստորագրվի ոչ այս տարի, ոչ էլ առաջիկա տարիներին, քանի որ այդ պայմանագրի շահառուները գլոբալիստներն էին՝ Միացյալ Նահանգներում Բայդենը և Քամալա Հարիսը, որոնք ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտվեցին։

«Պարզ չէ՝ ԱՄՆ նոր վարչակարգին այդ պայմանագիրն առհասարակ հետաքրքրո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե չհետաքրքրեց, ապա որևէ պայմանագիր չի ստորագրվի։ Իսկ Ադրբեջանն այդ պայմանագիրը շահարկելով՝ փորձում է իր պահանջներն առաջ տանել, մի բան է ուզում՝ Հայաստանը կատարում է, հաջորդիվ մեկ այլ նոր բան է ուզում։ Այսպես այնքան՝ մինչև իր պայմաններն ամբողջովին կկատարվեն, այն է՝ Հայաստանի ամբողջական զավթում։ Հետևաբար, Ադրբեջանին առհասարակ պետք չէ որևէ պայմանագրի ստորագրում, ավելին՝ Ադրբեջանը չի ուզում նույնիսկ թեկուզ ձևական պարտավորեցնող այդ փաստաթուղթը ստորագրել։ Ադրբեջանին փաստացի ճնշող չկա, քանի որ Հայաստանը նրա հետ գնաց առանց միջնորդների բանակցությունների։

Այդ փաստաթուղթն այս պահին միայն ՀՀ իշխանությանն է պետք, անձամբ Նիկոլ Փաշինյանին՝ նախընտրական քարոզարշավի համար։ Որքան մեր երկրում, աշխարհում ու տարածաշրջանում անորոշությունները մեծանան, այնքան այդ պայմանագիրը շուտ է դուրս գալու օրակարգից»,- ընդգծեց Արմեն Բադալյանը։

Տեսանյութեր

Լրահոս