Թրամփը կրկին Կանադային առաջարկել է միանալ Միացյալ Նահանգներին
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է իր այն առաջարկը, որ Կանադան պետք է միանա ԱՄՆ-ին։
«Եթե Կանադան միանա ԱՄՆ-ին, ապա ոչ մի տարիֆ չի լինի, հարկերը զգալիորեն կկրճատվեն, և նրանք լիովին պաշտպանված կլինեն ռուսական ու չինական նավերի սպառնալիքից, որոնք մշտապես շրջապատում են նրանց»,-Սպիտակ տան ապագա ղեկավարը հունվարի 6-ին գրել է Truth Social սոցցանցում։
Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:«Միացյալ Նահանգներն այլևս չի կարող հանդուրժել այն հսկայական առևտրային դեֆիցիտները և սուբսիդիաները, որոնք Կանադային հարկավոր են գործուն վիճակում մնալու համար:
Ջասթին Թրյուդոն գիտեր դա և հրաժարական տվեց»,-ասվում է նրա հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի վերջին Դոնալդ Թրամփն ազդարարեց Կանադայից ներմուծման համար 25 տոկոս տարիֆների մասին։ Նա նման հրամանագիր կստորագրի պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու հենց առաջին օրը, հայտնել է Truth Social-ում։
Նրա երդմնակալությունը նշանակված է հունվարի 20-ին։ Ավելի վաղ Fox News հեռուստաալիքը հաղորդել էր, որ Թրամփը Թրյուդոյին ասել է, որ նրա երկիրը պետք է դառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը, եթե չկարողանա հաղթահարել տարիֆների բարձրացումը։
53-ամյա Ջասթին Թրյուդոն հայտարարել է Կանադայի վարչապետի և իշխող Լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոններից հեռանալու մասին. վերջինը նա զբաղեցնում էր 2013 թվականից։
Քաղաքական գործիչը հունվարի 6-ին ուղերձով հանդես է եկել Օտտավայում գտնվող իր Rideau Cottage նստավայրում: Նախարարների կաբինետի ղեկավարը նաև հավելել է, որ խորհրդարանի աշխատանքը կդադարեցվի մինչև մարտի 24-ը։
Թրյուդոն վարչապետի պաշտոնը ստանձնել է 2015 թ. նոյեմբերին և երկու անգամ վերընտրվել է։ Նրա ժողովրդականությունը սկսել է կտրուկ նվազել երկու տարի առաջ՝ բարձր գների և բնակարանների անբավարարության պատճառով հասարակության դժգոհության ֆոնին: