Նիկոլ Փաշինյանը նույնիսկ բռնապետ լինելու համար արդեն ռեսուրս չունի․ Նաիրա Զոհրաբյան
«2018 թվականից մենք ապրում ենք պերմանենտ աղետի, ողբերգության մեջ, և 2018 թվականից ամեն օր կանգնած ենք ՀՀ պետականության կորստի գոյաբանական վտանգի առաջ»,- 168․am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ ղեկավար, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն այս արձանագրումներով ամփոփեց 2024 թվականը, իսկ 2025 թվականի սպասումներում կարևորում է իշխանափոխության հրամայականը։
Քաղաքական գործիչը հիշում է, որ նախկինում, երբ ավանդաբար ամփոփում էին քաղաքական տարին, հստակ արձանագրում էին՝ անգամ առկա սոցիալական տարաբնույթ խնդիրների պարագայում աներկբա էր այն, որ ունեինք 2 հայկական պետություն, ամուր բանակ, մեր ռազմավարական դաշնակիցների և աշխարհաքաղաքական կենտրոնների հետ գործակցություն, արժանապատվություն խաղաղություն, անվտանգություն։
Ըստ նրա՝ 2018 թվականից հետո ամեն օր երկիրն ու ժողովուրդը ռիսկային գոտում է․ «2024 թվականը, ըստ իս, այդ ամենամեծ կարմիր գիծն է, որից անդին անդառնալիության կետն է։
Շատ պաթետիկ բառեր չեմ ուզում ասել․ ընդամենը մեկ բան՝ քանի Նիկոլ Փաշինյանը կա, ՀՀ լինելիությունը վտանգված է։ Իսկ այժմ, հաշվի առնելով թե՛ արտաքին, թե՛ ներքին մարտահրավերները, ինչպես նաև՝ սիրիական կոնֆլիկտը, ինչը չի կարող հետևանքներ չունենալ տարածաշրջանի ակտորների ու Հայաստանի վրա, մեկ եզրահանգում կարող եմ անել՝ եթե այս իշխանությունը մնում է, ՀՀ պետականությանը մնում են ամիսներ»։
Նաիրա Զոհրաբյանը հույս ունի, որ 2025թ. ընդդիմությունը կկարողանա հեռացնել Նիկոլ Փաշինյանին։
«Ցավոք, մենք պետք է ազնվություն ունենանք խոստովանելու, որ ընդդիմադիր դաշտի բոլոր դերակատարներս դեռ պարտվել ու պարտված ենք, քանի դեռ Նիկոլին չենք կարողացել իշխանությունից հեռացնել,- նշեց նա՝ ակնկալելով, որ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին հեռացնելու պահանջով հանրային բողոքն ի վերջո դուրս կգա փողոց,- Նույնիսկ ամենադժվար տարիներին՝ տնտեսական ճգնաժամի տարիներին, սոցիալական վիճակն այսքան վատ չի եղել, աղքատությունն այսքան բարձր տոկոս չի եղել․ մենք այսօր ունենք 40 տոկոս աղքատություն՝ անգամ աշխատանք ունեցող մարդկանց մեջ, ՄԱԿ-ի տվյալներով, ՀՀ-ում աճել է աղքատ երեխաների, սոված քնող երեխաների թիվը, ու այս ամենը՝ իբր ժողովրդավարություն խաղացող իշխանության օրոք։
Ժողովուրդն այսօր ավելի քան պատրաստ է մեկ համակարգված շարժման դեպքում դուրս գալ փողոց, եթե այդ շարժման նպատակը «սիթի-տուրերը» չեն։ Իսկ եթե ժողովրդի այն հատվածը, որն այսօր ամենանեգատիվն է այս իշխանության հանդեպ, համակարգված ձևով դուրս գա փողոց, Նիկոլ Փաշինյանը հեռանալու է։
Նիկոլ Փաշինյանն ինչքան էլ փորձում է փոքրիկ դիկտատոր խաղալ, նույնիսկ բռնապետ լինելու համար նա արդեն ռեսուրս չունի»,- ամփոփեց նա։