Ամանորի ամենահամեղ ծառը՝ Կաղանդի ծառը. Հարուստ երևակայության արդյունքում չոր ճյուղը կարող է վերածվել շքեղ ծառի

Վերջին տարիներին Ամանորի նախաշեմին մարդիկ ինչպես իրենց տներում, այնպես էլ կրթական օջախներում տոնածառին զուգահեռ՝ զարդարում են նաև Կաղանդ ծառը՝ պահպանելով հայկական հնագույն ավանդույթը։

Զբոսավար, հասարակական գործիչ Կարինե Փանոսյանի խոսքով՝ մարդիկ իրեն հաճախ են հարց ուղղում՝ Ամանորին Կաղանդի ծա՞ռ, թե՞ տոնածառ զարդարեն, պատասխանը միանշանակ է՝ կարևորը՝ երկուսն էլ լինեն։

«Կաղանդի ծառը մեր ազգային խորհրդանիշն է, տոնածառը՝ համաշխարհային, ուստի մեկը մյուսին ոչ միայն չեն խանգարում, այլև լրացնում են։ Դրա համար տան մի անկյունում կարելի է ունենալ տոնածառ, մեկ այլ անկյունում՝ Կաղանդ ծառ։

Կաղանդի ծառը չոր ճյուղ է, որը վերակենդանություն է ստանում՝ զարդարվելով տարբեր պտուղներով ու թելերով։ Սովորաբար զարդարվել է կարմիր ու կանաչ թելերով։ Այս գույները խորհրդանշական են, նույնիսկ փեսաների կրծքին կախում են կանաչ ու կարմիր ժապավեն։ Կարմիրը՝ հասունության, իսկ կանաչը՝ մշտադալարության նշան է։

Կարդացեք նաև

Կաղանդի ծառն ունի իր յուրահատկությունը, այստեղ լուսերի փոխարեն՝ մոմեր են, խաղալիքների փոխարեն՝ չրեր, շարոցի համար ալոճ, ընկույզ։

Որևէ ազգագրական նյութի չեմ հանդիպել, թե ովքեր պետք է զարդարեն կենաց ծառը, զարդարում է այն մարդը, ով այդ ամենը սիրում է։ Բայց կարծում եմ՝ հաճախ զարդարել են կանայք, որովհետև խաչբուռներով ու տիկնիկներով են զարդարել, իսկ դրանք սովորաբար պատրաստում են կանայք»,- 168.amհետ զրույցում նշեց Կարինե Փանոսյանը։

Կաղանդի ծառը զարդարելու համար հատուկ օր չկա, այն սովորաբար զարդարում են Ամանորից առաջ՝ յուրաքանչյուրն ինքն է ընտրել իրեն հարմար օրը։ Հաշվի առնելով, որ հնում Հայաստանի տարբեր գավառներում մշակութային ծեսերը տարբեր են եղել, գուցե տարբեր վայրերում տարբեր կերպ են վարվել։

«Այս տարի մենք որոշեցինք մշակույթի գործիչների հետ Մանկական այգում մեծ Կաղանդի ծառ զարդարել, հավաքել ենք շատ մանուկների։ Դրանով կարծես ուզում էինք կոչ անել, որ արդեն կարող ես տանը զարդարել Կաղանդի ծառը։ Կաղանդի ծառը երեխաները շատ են սիրում, թեև մի քանի տարի առաջ մեծահասակները մտավախություն ունեին, որ այս ծառը փոքրիկները չեն սիրի, նրանք միայն տոնածառ են սիրում։ Սակայն, երբ երեխաները տեսան, որ Կաղանդ ծառը համեղ է ու գեղեցիկ՝ սկսեցին սիրել։ Չիրն ու չամիչը, ընկույզը, որը կախվում է Կաղանդի ծառի վրա, երեխաները կարող են ծառից պոկել ու ուտել»,- հավելեց Կարինե Փանոսյանը։

Նա հիշեցրեց, որ ազգագրագետ երջանկահիշատակ Լուսիկ Ագուլեցին Կաղանդի ծառը մշտապես զարդարում էր տիկնիկներով ու խաչբուռներով։ Ըստ երևակայության, Կաղանդի ծառը կարելի է զարդարել շատ ճոխ, իրականում ծառն ինքն իրենով ճոխություն է, ուստի պետք է հասարակ նյութերով ու հարուստ երևակայությամբ ստանալ շքեղ ծառ։

«Սա գեղեցիկ մշակութային ավանդույթ է, որպեսզի այն համատարած լինի, դրա մասին պետք է շատ խոսել։ Հաճախ դպրոցներում զարդարում են Կաղանդի ծառ, լուսանկարում ու ուղարկում են ինձ, կան դպրոցներ, որտեղ յուրաքանչյուր դասարան իր Կաղանդի ծառն է զարդարում։ Կարծում եմ՝ այս ծեսը փրկված է»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս