Բաժիններ՝

Սիրիայում կհետապնդեն Ասադի կողմնակիցներին, որոնք վայր չեն դնի զենքը

Սիրիայի նոր ղեկավարության անվտանգության ուժերը կհետապնդեն հանրապետության նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցներին, որոնք կհրաժարվեն վայր դնել զենքը։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ  մասին հայտարարել է անցումային կառավարության ներքին գործերի նախարար Մուհամեդ Աբդել Ռահմանը։

«Այն, ինչ տեղի ունեցավ ափին (խմբ.՝ Տարտուսում), մեզ ավելի մեծ վճռականություն է տալիս՝ արմատախիլ անելու Ասադի վարչակարգի մնացորդներին։ Մեր ուժերը կհետապնդեն նրանց, ովքեր հրաժարվում են հանձնել իրենց զենքը Սիրիայի ամբողջ տարածքում», – ասել է Մուհամեդ Աբդել Ռահմանը:

Դեկտեմբերի լույս 26-ի գիշերը Սիրիայի անցումային կառավարության ՆԳՆ ղեկավարը հայտնել է, որ Տարտուս քաղաքի շրջանում դարանի մեջ են ընկել հանրապետության նոր իշխանությունների իրավապահ մարմինների աշխատակիցները։ Բախումների հետևանքով զոհվել է 14 ուժային, ևս 10 ուժային վիրավորվել է։ Միևնույն ժամանակ Տարտուսում, Լաթաքիայում, Ջեբլայում և Հոմսում դեկտեմբերի 25-ին տեղի են ունեցել ալավիների՝ Սիրիայի կրոնական փոքրամասնության ներկայացուցիչների բողոքի ցույցեր, որոնք ուղեկցվել են ոստիկանների վրա հարձակումներով։ Դրան ի  պատասխան՝ իշխանությունները պարետային ժամ են սահմանել և ափամերձ շրջաններ են ուղարկել ուժեր՝ նախկին նախագահ Ասադի կողմնակիցներին մեղադրելով անկարգություններ հրահրելու մեջ:

Նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի գլխավորությամբ լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտել են Դամասկոս, Բաշար ալ-Ասադը թողել է Սիրիայի նախագահի պաշտոնը և լքել երկիրը՝ ապաստան ստանալով Մոսկվայում։ Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը գլխավորում էր, այսպես կոչված, Փրկության կառավարությունն Իդլիբի նահանգում, հայտարարել է Սիրիայի անցումային շրջանի նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնում իր նշանակման մասին. անցումային շրջանը կտևի մինչև 2025 թվականի մարտի 1-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս