Երևանում աղբահանությունը 2025 թվականից կթանկանա
Երևանի ավագանին նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով աղբահանության վճարի հաշվարկումն այսուհետև կատարվի ըստ բնակարանի մակերեսի։
Հիշեցնենք, որ այժմ աղբահանության վճարը կատարվում է ըստ բնակարանում գրանցված անձանց թվի` անձը 200 դրամ։ Ստացվում է, որ տարեկան 1 անձի հաշվով աղբահանության վճարը կազմում է 2400 դրամ։
«Մակերեսով հաշվարկման սկզբունքը նորություն չէ, քանի որ այս պահին էլ գործող դրույքաչափերով հասարակական և արտադրական շինությունների համար աղբահանության վճարը հաշվարկվում է ըստ մակերեսի։ Դրույքաչափերի սահմանման նախագծի համաձայն` բնակելի շինությունների կոշտ կենցաղային թափոնների մասով դրույքաչափը սահմանվում է քմ-ը 13 դրամ»,- նախագիծը ներկայացնելիս ասաց Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանը։ շ
Ըստ նախագծի` Երևան քաղաքում բնակարանների քանակը կազմում է 251 635, որից 52 641-ը` 1 սենյականոց, 85 073-ը` 2 սենյականոց, 91 829-ը` 3 սենյականոց և 22 092-ը` 4 և ավելի սենյականոց։ Բնակարանների սենյակների միջինացված մակերես է ընդունվել 1 սենյականոցի համար` 35 քմ–ը, 2 սենյականոցի համար` 53 քմ-ը, 3 սենյականոցի համար` 64-ը և 87 քմ մակերեսների թվաբանական միջինը, 4 և ավելի սենյակների դեպքում` 88 և 110 քմ-երի թվաբանական միջինը։
Այսինքն՝ միջինում 1 սենյականոց 35 քմ մակերեսով բնակարաներում ապրում է 1-3 անձ, և եթե այս պահին 2 անձի համար վճարվում է 400 դրամ, ապա մակերեսով միջինացված դրույքաչափի հաշվարկի դեպքում կվճարվի 455 դրամ։
Իսկ եթե, օրինակ, 53 քմ մակերեսով բնակարանում ապրում է մեկ մարդ, և նա աղբահանության համար այժմ ամիսը վճարում էր 200 դրամ, ապա 2025 թվականից կվճարի 676 դրամ։
Իսկ ին վերաբերում է անհատական (սեփական) բնակելի տներին, ապա Հակոբյանը շեշտեց, որ դրանց մակերեսները փոքր-ինչ ավելի մեծ են և բնակվող անձանց քանակն է ավելի, հետևաբար աճն ավելի է լինում։
Մեկ բնակարանի հաշվարկով միջինացված աճը կազմելու է 80 դրամ, անհատական տների մասով՝ 180 դրամ։
Սակայն, եթե, օրինակ, 50 քմ տանը ապրում էր 5 անձ և իրենք վճարում էին 1000 դրամ, հետայսու կվճարեն 650 դրամ և հակառակը՝ այն բնակարաներում, որտեղ ավելի քիչ անձ է բնակվում, բայց ավելի մեծ բնակմակերես են զբաղեցնում, կվճարեն մի փոքր ավելի շատ։