Իրական թալանը՝ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների կատարմամբ
Նախկինների «թալանը» երիտհեղափոխականների ամենասիրած թեմաներից է։ Եկել, չեն եկել՝ նախկինների «թալանով» են կերակրում ժողովրդին։ Նախկինում, երբ իշխանության չէին ու մեղադրում էին նախկիններին «թալանի» մեջ, ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ։ Բայց, երբ նույնն անում են վեց ու կես տարի իշխանության մեջ գտնվելուց հետո, ու վեց ու կես տարում նախկինների «թալանը» ոչ մի կերպ ջրի երես չի ելնում, այդ ամենը վերածվում է զավեշտի։
Շատերն են հասկացել, որ նախկինների թալանի թեման խայծ է՝ սեփական ձախողումները, այդ թվում՝ պատերազմի պարտությունը քողարկելու, ժողովրդի մոտ նախկինների նկատմամբ ատելություն գեներացնելու համար։
Զարմանալի չէ, որ պարբերաբար դրան վերադառնում են, երբ իշխանության դիրքերը թուլանում են, իշխանությունը պահելու խնդիր կա։ Դա է պատճառը, որ սպասվող ընտրություններից առաջ կրկին հիշել են նախկինների «թալանը»։
Ու կրկին այնպիսի պաթոսով են խոսում նախկինների «թալանի» մասին, կարծես նոր-նոր եկել են իշխանության, կարծես վեց ու կես տարի իրենք չեն եղել իշխանության, կարծես բոլոր լծակներն իրենց ձեռքում չեն եղել՝ նախկինների թալան կոչվածը բացահայտելու ու պետությանը վերադարձնելու համար։ Միլիարդների թալանից էին խոսում՝ վեց ու կես տարում ինչքա՞ն են վերադարձրել։ Եթե նույնիսկ վերադարձրել են, ապա իրենց ասածի համեմատ՝ վերադարձրածը փշրանքներ են, ինչքան ուզում է Նիկոլ Փաշինյանը փորձի կոպեկ առ կոպեկ կամ հատիկ առ հատիկ ներկայացնի վերադարձրածը։
Այն, որ մի քանի հարյուր ուսումնասիրություն են անցկացրել ու հայցադիմումներ ներկայացրել «ապօրինի ծագում» ունեցող գույքը բռնագանձելու վերաբերյալ, դեռ ոչինչ չի նշանակում։ Փաստն այն է, որ 4 տարում ընդամենը 4 գործով է վճիռ կայացվել, որոնք նույնիսկ օրինական ուժի մեջ չեն մտել՝ գտնվում են բողոքարկման գործընթացում։ Ու դեռ մեծ հարց է, թե ինչ կլինի դրանց ճակատագիրը։
Կնքված հաշտության 8 համաձայնագրերով էլ վերադարձվել է ընդամենը 10 մլն դոլարի անշարժ ու շարժական գույք, 2 մլն դոլարի էլ՝ դրամական միջոցներ։ Սա է այն ամբողջը, որը նախկինների համատարած թալանի մասին կոկորդ պատռող իշխանությունը վեց ու կես տարվա ընթացքում կարողացել է վերադարձնել։ Փոխարենը՝ իրենք են համատարած թալանել պետությանը, վատնել ու փոշիացրել, անիմաստ ու անտեղի ծախսել պետական միջոցները։ Ու մինչ Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե իրենք սրբեր են, իսկ նախկինները՝ թալանչիներ, երիտհեղափոխականները պետության հաշվին արագորեն հարստանում են։ Շատերը կարճ ժամանակում հասցրել են մեծ կարողություններ կուտակել։
Հետաքրքիր է, որ նախկիններին թալանի մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանը չի տեսնում կամ չի ուզում տեսնել իր կողքին ու իր շրջապատում գտնվողների թալանը։ Տարօրինակ զուգադիպությամբ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի գործերով իշխանության ոչ մի ներկայացուցիչ չի անցնում։ Թեպետ նրանց մեջ էլ քիչ չեն, այդ թվում՝ նախկինից եկածներն ու հարստություն կուտակածները, որոնք այսօր էլ երիտհեղափոխականների հետ ձեռք ձեռքի տված թալանում են պետությանը։
«Հա, մենք պետք է ընդունենք, ժողովուրդ ջան, որ չենք կարողանում մեր երազած արդյունավետությամբ պետական բյուջեի փողերը ծախսել, բայց էլի պիտի նույնը կրկնեմ. Ասում եմ՝ հյուր եք հրավիրել, հարսանիք եք անում, ծնունդ եք անում, եկեք գնանք նայենք, թե ինչքա՞ն արդյունավետ եք դուք։ Ճիշտ այնքան, ինչքան դուք ձեր ընտանեկան բյուջեն հարսանիք անելիս, ընկերոջը հյուր հրավիրելիս եք արդյունավետ ծախսում, ճշգրիտ, մի միլիմետր ոչ ավել, ոչ պակաս, այդքան ճշգրիտ կառավարությունն է ծախսում։ Հլը գնացեք նայեք, թե ամեն հյուր հրավիրելիս ինչքան ուտելիք եք թափում, ինչքան ուտելիք եք փչացնում։ Հլը դեպք է լինում, որ չեք ուզում թափեք, ուտում եք, թունավորվում եք»,- պետական միջոցների վատնումն այսպես է փորձում արդարացնել Նիկոլ Փաշինյանը։
Կարծում է՝ պետական միջոցների վատնումը թալան չէ։ Թալան է, այն էլ ինչպիսի։ Թե քաղաքացին ինչպես կծախսի իր փողերը, դա քաղաքացու գործն է։ Հասարակության փողերը ոչ մի իշխանություն իրավունք չունի քաղաքացու նման ծախսել, որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի նույն հարթության մեջ գնահատել քաղաքացու ու իշխանության ծախսերի արդյունավետությունը։
Դա արվում է ընդամենն արդարացնելու պետական միջոցների վատնումը։ Չնայած դրանում ոչ մի արդարացում չկա։ Ոչ մի քաղաքացի իր փողը հենց այնպես չի տա ու դիմացը ոչինչ չստանա։ Միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարող է պետության հաշվին 6 մլն դոլար տալ ու դիմացը ոչինչ չստանալ։ Հիմա սա պետական միջոցների թալա՞ն է, թե՞ չէ։ Երբ պետության հաշվին, բարձր աշխատավարձերից բացի, համատարած պարգևավճարներ են բաժանում, այն էլ՝ միլիարդների հասնող, դա էլ է պետական միջոցների ուղղակի թալան։ Ինչեր կարելի էր անել այդ գումարներով, եթե դրանք այլ նպատակներով ծախսվեին։
Ժողովրդին նախկինների թալանով կերակրող իշխանությունը, որը վեց ու կես տարում ընդամենը 10-12 մլն դոլար է վերադարձրել իր ասած թալանից, փոխարենը քանի՞ այդպիսի տասնյակ ու հարյուրավոր միլիոնների վնաս է տվել պետությանը, անարդյունավետ ծախս է արել։ Կամ երբ ասվում է, թե կառավարության այն սրահը, որտեղ օրերով մարդ չի մտնում, ջահերը մշտապես վառվում են, դա պետական միջոցների վատնո՞ւմ է, թե՞ չէ։ Ինչո՞ւ է դրա մասին Նիկոլ Փաշինյանը միայն հիմա հիշել, երբ վեց ու կես տարի այդ ջահերի լույսերն անիմաստ վառվել են ու դրա դիմաց բյուջեից փող են դուրս գրել։
«Հիմա եկեք նայենք, թե այդ ջահերն ինչքան են անիմաստ պետական բյուջեից փող տարել: Որ հաշվենք՝ կարող է սարսափելի մի հատ թիվ լինի»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։
Իրականում այդպես էլ կա, բայց դա ամենևին էլ միակ տեղը չէ, որտեղ անիմաստ ծախսել ու ծախսում են պետության փողերը։ Երբ ասվում է, թե կառավարական ամառանոցների տները չեն տաքանում, գազից բացի, նաև հոսանք են վառում, որը չպիտի վառեին, ու դրա դիմաց վճարում է պետական բյուջեն, ո՞ւմ են մեղադրում։ Եթե դա ասեին 2018թ., դեռ կարելի էր հասկանալ։ Բայց վեց ու կես տարի վատնել են պետության փողը, ոչինչ չեն արել չվատնելու համար։
Սրանք իրականում գուցե մանրուքներ են այն համատարած վատնումների, օրինական ու անօրինական թալանի համեմատ, որը հեղափոխականների իշխանության տարիներին տեղի է ունեցել Հայաստանում։ Բայց դրանք ամեն տեղ են՝ սկսած կառավարական ամառանոցներից, կառավարության սրահի լույսերից, կառավարության ղեկավարի անվերջանալի ավտոշարասյան ավտոմեքենաների բենզինի ու անձնակազմի, անվտանգության տասնյակ, երբեմն էլ՝ հարյուրավոր աշխատողների ծախսերից՝ վերջացրած պետական գնումներով, պետական միջոցներով կատարվող հազար ու մի անիմաստ ու անհեթեթ ծախսերով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ