
Մուրմանսկի մարզում գնացքների բախումը 2 զոհի, 31 վիրավորի պատճառ է դարձել

Ռուսաստանի Մուրմանսկի մարզում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի, տուժածներինը՝ 31-ի: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Ռուսաստանյան երկաթուղիներ»-ը։
«Մուրմանսկ-Սանկտ Պետերբուրգ թիվ 11 գնացքի հետ դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է 31 մարդ, նրանցից հինգը երեխաներ են։ Հոսպիտալացվել է 14 մարդ, նրանցից 4-ի վիճակը ծանր է: Կա երկու զոհ: Ցավոք, հիվանդանոցում մահացել է ևս մեկ ուղևոր», – նշված է «Ռուսաստանյան երկաթուղիներ»-ի հաղորդագրության մեջ:
Ընկերությունը պատրաստ է իր բուժհաստատություններում տուժած ուղևորներին անվճար բուժման և վերականգնման հնարավորություն ընձեռել, իսկ զոհվածների հարազատներին կվճարվի 2 մլն 200 հազար ռուբլի, հավելել են գերատեսչությունում։
Դեկտեմբերի 18-ին Մոսկվայի ժամանակով 16:15-ին «Կնյաժայա» կայարանում Մուրմանսկից Սանկտ Պետերբուրգ մեկնող մարդատար գնացքը բախվել էր բեռնատար վագոններին։