
Ավինյանը ենթադրաբար հասկանում է, որ առաջիկա համապետական ընտրություններին ընդառաջ` իր «ոչ պոպուլյար բարեփոխումների» համար իր թիմն իրեն քաղաքականապես զոհաբերելու է. Դավիթ Սարգսյան

Լրագրող Դավիթ Սարգսյանը գրում է. «Հայկ Մարությանի հետ բանավեճի ընթացքում Տիգրան Ավինյանն իրեն ընդդիմախոսող, իր կոռուպցիոն էության մասին բարձրաձայնող լրատվամիջոցներն անվանում է «աղբանոց»:
– Ավինյանն այդպիսով թիրախավորում է «Փաստինֆոյին», «168 ժամին», «Սիվիլնեթին», «Հետքին», «Օրագրին» և մի քանի այլ արհեստավարժ լրատվամիջոցների: Սա այն դեպքում, երբ «Փաստինֆոն» նրան արդեն իսկ հաղթել է դատարանում և ապացուցել Ավինյանի կոռուպցիայի մասին սեփական պնդումների ճշմարտացիությունը:
– Ոչիշխանական մեդիային ստի համար մեղադրում է մեկը, որի կոռուպցիոն «սխրանքները» դուրս են ելել միջազգային ասպարեզ: Հետաքննական լրագրության` աշխարհում ամենահեղինակավոր ցանցը` OCCRP-ն, անդրադարձել է Ավինյանի կոռուպցիոն գործարքներին` նրան տեղակայելով իր քաղաքական ուժին` ՔՊ-ին հոգեհարազատ Իլհամ Ալիևի մասին նյութի հարևանությամբ:
– Սա ասում է մեկը, որն իր կոռուպցիոն հանցադրվագները մերկացնելու համար դատարանին միջնորդել էր կալանել նվաստիս բնակարանն ու աշխատավարձը, իսկ երբ այդ արգելանքների` ուժի մեջ մտնելուց հետո լրագրողական համայնքի ու ԵԽԽՎ-ի աղմուկը բարձրացավ, հետողորմյա արեց, թեև հայցը դեռ հետ չի վերցրել ու ինձնից 9 մլն դրամ է պահանջում:
– Սա ասում է մեկը, որն այս վարչախմբի ամենայուղոտ կոռուպցիոն դրվագների` ԱՆԻՖ-ի և «Ֆլայ Արնայի» կնքահայրերից էր, բանկի և հանքի հոգաբարձուների խորհուրդների անդամ: Հենց իր հանցախմբի պարագլուխն է ընդունել, օրինակ, ԱՆԻՖ-ի տասնյակ միլիարդավոր դրամների վատնումը, միայն թե Ավինյանն այդ գործով, չգիտես ինչու, դեռևս մեղադրյալի կարգավիճակ չունի:
– Ավինյանը ենթադրաբար հասկանում է, որ առաջիկա համապետական ընտրություններին ընդառաջ` իր «ոչ պոպուլյար բարեփոխումների» համար իր թիմն իրեն քաղաքականապես զոհաբերելու է: Փառք Աստծու, նրա հարցում պետք է ոչ թե մեղադրանք հնարել, այլ ընտրել, թե նրա բազմաթիվ կոռուպցիոն հանցադրվագներց հատկապես ո´ր մեկով են նրան մեղադրելու «ՔՊ-ի արժեքներից հեռանալու» համար: Ավինյանը լավ գիտե, որ այսօրվա ընդդիմությունից շատ ավելի ժրաջան` այդ հարցում հենց իր կուսակցության խարդավանքի վարպետներն են ձեռները շփում:
– Այսքանը հաշվի առնելով` Ավինյանը լավ իմանա, որ այսօր իր պաշտպանած պայմանական «ՀԺ»-ն, «Հ1»-ն ու «Սիվիքն» են հենց նրան փչացնելու (Աղազարյանի ականջը կանչի): Ով գիտե, միգուցե անգամ մեղադրեն թմրամոլության կամ այլ մեղքերի համար: Իսկ նրա անվանած «աղբանոց» լրատվամիջոցները շատ ավելի հավասարակշռված կլուսաբանեն նրա քրեական գործն ու դատավարությունը»: