Իսրայելի պատվիրակությունը Կատար է ժամանել Գազայում հրադադարի շուրջ բանակցությունների համար
Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատարի մայրաքաղաք Դոհա՝ առաջ մղելու պատանդների ազատ արձակման և Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այդ մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի։Նշվում է, որ իսրայելական պատվիրակության կազմում են Իսրայելի պաշտպանության բանակի, «Շին Բեթ» հատուկ ծառայության և «Մոսադ» հետախուզական ծառայության ներկայացուցիչները։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ որոշակի առաջընթաց է նկատվում Գազայի հատվածում հրադադարի և արմատական ՀԱՄԱՍ խմբավորման կողմից պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններում։
Kan հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը սկզբունքորեն համաձայնության են եկել համաձայնագրի հումանիտար փուլի շրջանակներում պատանդների փուլ առ փուլ ազատ արձակման հարցում, որը ներկայում քննարկում են կողմերը։
Ինչպես կարծում են միջնորդները, եթե պատանդների ազատ արձակման հետ կապված սահմանափակ գործարք կնքվի, դա, վերջին հաշվով, կհանգեցնի լայնամասշտաբ համաձայնության, որը կներառի բոլոր պատանդների ազատ արձակում, պատերազմի դադարեցում և իսրայելական զորքերի դուրսբերում: