Բաժիններ՝

Երևանում գրավատան ոսկերիչը և գանձապահը փոխել են ոսկեղենն արժեք չունեցող մետաղներով, կեղծ գրավի պայմանագրեր կնքել՝ պատճառելով մոտ 20 մլն դրամի վնաս

Երևանում գրավատան ոսկերիչը և գանձապահը փոխել են ոսկեղենն արժեք չունեցող մետաղներով, կեղծ գրավի պայմանագրեր կնքել՝ պատճառելով մոտ 20 մլն դրամի վնաս։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 10-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում գրություն է ստացվել այն մասին, որ դեկտեմբերի 9-ին Երևանի բնակիչ 61-ամյա Արթուր Ս․-ն հայտնել է, որ «Արտ Կրեդիտ» ՍՊԸ-ի կազմում գրավատնային գործունեություն է իրականացնում Երևան քաղաքի Պարույր Սևակ 51/1 հասցեում և որպես ոսկերիչ իր մոտ 2014թ.-ից մինչև այսօր աշխատում է Երևանի բնակիչ 53-ամյա Սարգիս Մ․-ն, 2020թ.-ից առ այսօր որպես գանձապահ աշխատում է նաև Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Հասմիկ Ա․-ն, որը գրավատանը զբաղվում է փաստաթղթաշրջանառությամբ և իրականացնում դրամարկղի հետ կապված գործունեությունը։

2024թ.-ի նոյեմբեր ամսվա կեսերին Արթուր Ս․-ն, նպատակ ունենալով տեղափոխել գործունեության վայրը, այդ մասին տեղյակ է պահել ոսկերիչ Սարգիս Մ․-ին, նրան ասելով, որ նա իր տնտեսությունը գրավադրված ոսկյա զարդերի փաթեթները, դրանց վերաբերելի պայմանագրերը ստուգի, առանձնացնի, դասավորի, որպեսզի տեղափոխելուց որևէ խնդիր չլինի։

Նշել է, որ վերջին ժամանակներն անգամ մտածել է գրավատնային գործունեության լիցենզիան դադարեցնելու մասին։ Այդ պատճառով անձամբ որոշ գրավադրողներին զանգել և հրավիրել է իր մոտ՝ պարզելու, թե երբ են մարելու իրենց վերցրած վարկերը, որոշ գրավադրողներ իրեն հայտնել են, որ 2019-2020թթ.-ին արդեն իսկ որևէ ոսկի չեն գրավադրել: Նրանք պահանջել են պայմանագրերը և դրանք նայելուց հետո հայտնել, որ պայմանագրերում իրենց անվան տակ առկա ստորագրություններն իրենցը չեն: Դրանից հետո Արթուր Ս․-ն անակնկալի է եկել և հասկացել, որ ոսկերիչը, որն արդեն իր կողմից տեղափոխվելու լուրը հայտնելուց հետո մի քանի օր չի ներկայացել աշխատանքի, տեղյակ է, ավելին՝ իր ձեռքի գործն է, այսինքն կեղծ գրավի պայմանագրեր է կնքել և կեղծ ոսկի գրավադրել և գրավի առարկայի դիմաց վճարվող գումարները հափշտակել: Միաժամանակ նա փոխել է գրավադրված ոսկեղենը, ոսկին փոխելով արժեք չունեցող մետաղներով, այդ ամենը բացահայտվել է 2024թ.-ի դեկտեմբերի 4-ին, երբ Սարգիս Մ․-ն չի ներկայացել աշխատանքի։

Ինչպես հայտնում է աղբյուրը, նույն օրը Հասմիկ Ա․-ն խոստովանել է, որ իր և իր բարեկամների անվամբ իր գրավատանը գրավադրված զարդերը ևս ոսկուց չեն, այսինքն ինքը ևս մասնակցություն է ունեցել այդ հափշտակություններին։

Խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Սարգիս Մ․-ի և Հասմիկ Ա․-ի հանցավոր գործողությունների հետևանքով Արթուր Ս․-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 20 մլն դրամից ավելի վնաս:

Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում ՀՀ քր․ օր․-ի 255 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ Սարգիս Մ․-ին և Հասմիկ Ա․-ին հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս