
Վուչիչը հայտարարել է, որ Սերբիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները նրան չեն ստիպի գնալ Ռուսաստանի դեմ սահմանափակումների

Սերբիայի նավթային արդյունաբերական ընկերության դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի որոշումը չի ազդի Բելգրադի՝ հակառուսական սահմանափակումներին միանալուց հրաժարվելու որոշման վրա։ Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այդ մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«Որևէ մեկը կցանկանա՞, որ մենք պատժամիջոցներ սահմանենք Մոսկվայի դեմ և հետո մտածենք ամերիկյան պատժամիջոցները չեղարկելու մասին: Ես չեմ բացառում այս հնարավորությունը, բայց չունեմ ապացույցներ: Որպես Սերբիայի նախագահ և Անվտանգության Ազգային խորհրդի նախագահ՝ այս պահին ես ընդհանրապես պատրաստ չեմ քննարկել Մոսկվայի դեմ հնարավոր պատժամիջոցները… Մենք գոյատևեցինք գրեթե երեք տարի՝ վարելով սկզբունքային, լուրջ և պատասխանատու քաղաքականություն, որում ի սկզբանե հանդես ենք եկել խաղաղության և միջազգային իրավունքի սկզբունքներին հավատարիմ մնալով, հարգել ենք ՄԱԿ-ի կանոնադրությունը և չենք պարտադրել պատժամիջոցներ Ռուսաստանի Դաշնության դեմ»,- ասել է Վուչիչը։
Ավելի վաղ Վուչիչը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում Սերբիայի նավթային արդյունաբերական ընկերության դեմ՝ ձեռնարկության ռուսական սեփականության պատճառով, ինչը երկրի համար ամենածանր նորությունն է վերջին մի քանի տարիների ընթացքում։