Գորշության մի քանի երանգները. «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր խմբագրականում գրում է. «Արցախը կործանած Նիկոլ Փաշինյանի մոտ աշխատելը որեւէ պետական պաշտոնում բոլոր դեպքերում վարկաբեկիչ է:
Էական չէ՝ այդ պաշտոնը քաղաքական է, թե այդպիսին չի համարվում: Կարեւոր է, որ այն մարդիկ, որոնք զբաղեցնում են այդ պաշտոնները, ամբողջությամբ կախված են Փաշինյանի քմահաճույքից եւ նրա կարգադրությամբ, հրամանով, հրահանգով կամ «խնդրանքով» կարող են զրկվել իրենց դիրքից։
Հետեւաբար, այն «արդարացումները», թե իբր նրանք ծառայում են ազգին, պետությանը կամ «բարձր իդեալներին», եթե նույնիսկ անկեղծ են, ապա միեւնույն է՝ իրականությանը չեն համապատասխանում:
ՔՊ պատգամավոր լինելը նույնպես վարկաբեկիչ է, եւ այստեղ էլ անիմաստ է ասել՝ «մեզ ժողովուրդն է ընտրել»: Այդ պատգամավորները հայտնվել են խորհրդարանում, որովհետեւ Փաշինյանը նրանց գրել է իր ցուցակում, եւ այստեղ «ժողովրդի կամքը» վկայակոչելը տեղին չէ: Այնուամենայնիվ, ասել, որ այդ ամբողջ գորշ զանգվածի, մի քանի հարյուր մարդու մեջ ոչ մի տարբերություն չկա, անարդար կլինի:
Կան պաշտոնյաներ, որոնք փորձում են մնալ իրենց ոլորտի իրավասությունների սահմանում եւ տեղի-անտեղի «նախկինների թալանի» եւ այլ «նախկինական» թեմաների շուրջ չեն խոսում: Եվ հակառակը՝ կան այնպիսիք, որոնց ուշքն ու միտքը ոչ թե սեփական պարտականությունների կատարումն է, այլ Փաշինյանի ընդդիմախոսների վերաբերյալ «բացահայտումներ» անելը:
Կան պատգամավորներ, որոնք ստորություն են համարում գործընկերոջ անկողինը մտնելը, եւ կան այլ պատգամավորներ, որոնք զբաղվում են խարդավանքներով, շանտաժով ու կոմպրոմատներով: Այսինքն՝ նույնիսկ փչացածության եւ այլասերվածության ընդհանուր մթնոլորտում պաշտոնյաներն ու պատգամավորները մարդկային տարբեր որակներ են դրսեւորում: Այդպես էր միշտ: «Սովետի» ժամանակ նույնպես այն գիտնականներն ու արվեստագետները, որոնք իրենցից ինչ-որ բան էին ներկայացնում, պահպանում էին արժանապատվության նվազագույն նշաձողը: (Խոսքն այլախոհների մասին չէ, որոնք իրական հերոսներ էին:
Խոսքը սովորական մարդկանց մասին է, որոնք չէին ուզում իջնել ստորաքարշության վերջին աստիճաններին): Իսկ նրանք, ովքեր գիտակցում էին, որ կատարյալ «զրո» են, իրենց «զրո» լինելը փոխհատուցում էին տարբեր «նաչալնիկների» հասցեին ագրեսիվ քծնանքով եւ «առաջնորդին ոչ հավատարիմ» մարդկանց հասցեին մատնագրերով:
Բնականաբար, համակարգն ամեն ինչ անում է, որ երկրորդ տեսակի (ագրեսիվ-քծնողական, խարդավասեր եւ անտաղանդ) մարդիկ շատանան ու բարգավաճեն, իսկ ինքնությունը լրիվ չկորցրածները՝ կամաց-կամաց հեռանան ասպարեզից»։