Բաժիններ՝

Բայդենը խոստացել է թույլ չտալ, որ ԻՊ-ն օգտվի Սիրիայում ստեղծված վակուումից և ամրապնդի դիրքերը

ԱՄՆ-ն կաշխատի Սիրիայում գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ և կօգնի օգտվել հնարավորությունից, որը սիրիացիների համար ստեղծվել է ապստամբ գրոհայինների կողմից երկրի նախագահ Բաշար ալ Ասադի տապալումից հետո։ Բացի այդ, Վաշինգտոնը թույլ չի տա, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն օգտվի Սիրիայում ստեղծված իրավիճակից։ Այս մասին դեկտեմբերի 8-ին տեսաուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Վերջապես, Ասադի ռեժիմը տապալվեց…. Սա պատմական հնարավորության պահ է Սիրիայի բազմաչարչար ժողովրդի համար՝ կառուցելու ավելի լավ ապագա իրենց հպարտ երկրի համար։ Սա նաև վտանգի և անորոշության պահ է, քանի որ բոլորի մոտ հարց է առաջանում, թե ինչ է լինելու հետո։ ԱՄՆ-ն կաշխատի Սիրիայում մեր գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի օգնենք նրանց օգտվել հնարավորությունից, կառավարել վտանգը», – ասել է Բայդենը՝ մեկնաբանելով Սիրիայում տեղի ունեցած սրընթաց զարգացումները:

Բայդենն ասել է, որ տարիներ ի վեր առաջին դեպքն է, երբ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը, ո՛չ էլ «Հեզբոլլահ»-ն ազդեցիկ դեր չեն ունեցել Սիրիայում:

«Տարիներ շարունակ Ասադի հիմնական աջակիցները եղել են Իրանը, «Հեզբոլլահ»-ը և Ռուսաստանը: Բայց վերջին շաբաթվա ընթացքում նրանց աջակցությունը փլուզվեց՝ բոլոր երեքի, քանի որ բոլոր երեքն էլ այսօր շատ ավելի թույլ են, քան իմ կողմից պաշտոնը ստանձնելու ժամանակ», – ասել է Բայդենը, որը նախագահ է դարձել 2021 թվականին։

Նա նաև շեշտել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կփորձի ամրապնդվել Սիրիայում։

«Մենք հստակ հասկանում ենք այն փաստը, որ ԻՊ-ն կփորձի օգտվել ցանկացած վակուումից, որպեսզի վերականգնի իր կարողությունները և իր համար ապահով ապաստան ստեղծի: Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա»,- ասել է Բայդենը։

Բայդենը հավելել է, որ դեկտեմբերի 8-ի ընթացքում ամերիկյան ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Սիրիայում ԻՊ խմբավորման ճամբարներին։

Ավելի ուշ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաղորդել է Սիրիայի կենտրոնական շրջաններում ԻՊ-ի 75 թիրախների ավիահարվածներ հասցնելու մասին: CENTCOM-ը հավելել է, որ տարածաշրջանի գործընկերների և դաշնակիցների հետ միասին «կշարունակի գործողություններ իրականացնել Իսլամական պետության գործառնական հնարավորությունները խաթարելու համար, նույնիսկ Սիրիայում անցումային այս շրջանում»:

Բայդենը նաև հիշեցրել է, որ Սիրիայում իշխանությունը տապալած ուժերից մի քանիսը նախկինում կապված են եղել ահաբեկչության հետ։

«Եկեք անկեղծ լինենք՝ որոշ խմբավորումներ, որոնք զրկել են Ասադին իշխանությունից, նախկինում կապված են եղել ահաբեկչության հետ և ոտնահարել են մարդու իրավունքները… Հիմա նրանք ճիշտ բաներ են ասում, սակայն այժմ, երբ նրանք ավելի մեծ պատասխանատվություն են վերցնում իրենց վրա, մենք կգնահատենք ոչ միայն նրանց խոսքերը, այլև նրանց գործողությունները», – հավելել է Ջո Բայդենը։

Հակակառավարական ուժերը Հոմսը գրավելուց հետո առանց դիմադրության հանդիպելու դեկտեմբերի 8-ին գրավել են Դամասկոսը։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընտանիքի հետ Մոսկվայում է. նրանց ապաստան է տրամադրվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս