Ինչպես ՀՀ կառավարությունն անտերության մատնեց սիրիահայությանը
Սիրիայի ողբերգական ու ծանր պատերազմից 13 տարի անց՝ այս գիշեր Բաշար Ասադի կառավարությունն ընկավ, թուրքամետ ահաբեկչական խմբավորումների զինյալները վերահսկողություն հաստատեցին Դամասկոսի նկատմամբ. կառավարական ուժերը հեռանում են Սիրիայի Արաբական Հանրապետության մայրաքաղաքից։ Սիրիական Sham FM ռադիոկայանը հայտնում է, որ Դամասկոսի միջազգային օդանավակայանում բոլոր թռիչքները դադարեցվել են։«Բոլոր աշխատակիցները տարհանվել են Դամասկոսի միջազգային օդանավակայանից և բոլոր թռիչքները դադարեցվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ CNN-ը և Al Jazeera-ն հայտնում էին, տարածվում էին նաև տեսանյութեր, որ քաղաքի օդանավակայանում «քաոս» է՝ տասնյակ մարդիկ արագ անցնում էինն օդանավակայանի հսկիչ կետերով, որտեղ անձնակազմ գրեթե չկար։AFP-ն, վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը, հայտնում է, որ կառավարության սպաներն ու զինվորները լքել են մայրաքաղաքի օդանավակայանը։
Երկրում անորոշությունը մեծ է, որևէ մեկն այս պահին չգիտի՝ որտե՞ղ է Ասադը, ի՞նչ է լինելու նրա հետ, ինչպե՞ս է կազմակերպվելու երկրում կառավարումը, ի՞նչ ճակատագրի կարժանան քրիստոնյաները, ինչպես նաև տասնյակ հազարավոր հայեր, որոնք բնակվում են հատկապես Հալեպում և Դամասկոսում։ ՀՀ կառավարությունն ու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը չկարողացան ժամանակին որոշում կայացնել, հաշվարկել վտանգները և տարհանել հայությանը՝ ապահովելով նրանց անվտանգությունը։
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը երեք օր առաջ, երբ արդեն Հալեպն անցել էր Սիրիայի հակակառավարական ուժերի վերահսկողության ներքո, հայտարարել էր, թե Հալեպում դեռևս մնում է 10-12 հազար հայ, որոնց տարհանումը հնարավոր կլինի կազմակերպել պատեհ հնարավորության առաջացման դեպքում։
«Սիրիահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ին»,-ասել էր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ «Մեր տվյալներով՝ այս պահին Հալեպում կան շուրջ 10-12 հազար հայեր, որոնք հիմնականում տեղաբաշխված են երեք շրջաններում՝ Նոր Գյուղ, Ազիզիե և Սուլեյմանիե։ Հայեր կան նաև այլ թաղամասերում»,- նշել էր Ալեքսանյանը։ Եվ ստացվում է, որ Դամասկոսի անկումից հետո և երկրում սկսված անորոշության փուլի ֆոնին սիրիահայությունը մատնված է անտերության, քանի որ նույնիսկ ուշացած տարհանում դեկտեմբերի 14-ին հնարավոր չի լինի իրականացնել։
Ուշագրավ է նաև, որ այս լուրերի ֆոնին քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց, խոստովանելով, որ ներկայումս սիրիահայերի անվտանգ տարհանման հնարավորությունը բացակայում է։ «Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից։ Անցած շաբաթ Դամասկոսում դեսպանությունում թեժ գծի հայտարարումից հետո դեսպանությունը պատասխանել է ստացված զանգերին, որոնք վերաբերել են ՀՀ մուտքի արտոնագրերի, անձնագրերի ստացմանը, տարհանման հնարավորությանը։ Վերջինիս անվտանգ հնարավորությունն այս պահին բացակայում է»,-նշված է ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարությունում։