
Սահմանների բացման դեպքում Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև. Կոստանյան

Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում:
«Մենք հավատում ենք, որ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացների վրա։ Բայց նաև հաշվի առնելով, որ Հայաստանը ավելի է մոտենում մեր արևմտյան գործընկերներին՝ այստեղ հավանաբար ես պետք է հարցս ուղղեմ. որտե՞ղ է Թուրքիան տեսնում իր արտաքին քաղաքականությունը՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ Եվրոպական միության ու Արևմուտքի հետ հարաբերությունների մասով։ Ակնհայտ է, որ Հայաստանը ձգտում է մոտենալ Եվրոպական միությանը, Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ։ Սահմանների բացման դեպքում Թուրքիան, որը նաև ԵՄ մաքսային միության անդամ է, կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև»,-ասել է նա: