
«Անկնալում ենք, որ Երևանի և Բաքվի միջև բանակցությունները կհանգեցնեն համաձայնագրի ստորագրման»․ Թուրքիայի ԱԽ

Դեկտեմբերի 5-ին Թուրքիայի նախագահական նստավայրում տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհդի նիստ: Այն գլխավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նշվում է, որ 3 ժամ տևած Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում քննարկվել է Սիրիայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև «ահաբեկչության դեմ պայքարը», այդ թվում «ահաբեկչական կառույցների» դեմ մղվող օպերացիաները:
Անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի աջակցությունը վայելող, «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման գործողություններին Սիրիայում:
Գնահատվել են նաև Հյուսիսային Իրաքի Զափ շրջանում քրդական ուժերի դեմ իրականացվող ռազմական օպերացիաները:
Նիստում քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող բանակցային գործընթացներին առնչվող հարցեր։
«Անկնալում ենք, որ Երևանի և Բաքվի միջև բանակցությունները կհանգեցնեն համաձայնագրի ստորագրման։ Մշտական խաղաղության հաստատումը բխում է տարածաշրջանի բոլոր խաղացողների շահերից»,- ասված է Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո տարածված հայտարարության մեջ։