«Ուղեվարձը բարձրացրեցին՝ չեմ տալու, թող ցած իջեցնեն, որտեղի՞ց տամ, թոշակով եմ ապրում՝ 33.300 դրամով». Հարցում

Հասարակության տարբեր շերտեր, որոնք օգտվում են հանրային տրանսպորտից, շարունակում են դժգոհել թե՛ տրանսպորտի որակից, թե՛ հունվարի 1-ից սպասվող ուղեվարձի բարձրացումից։

Քաղաքային իշխանությունների վստահեցումները, թե ուղերվարձը բարձրացնում են, որպեսզի բարելավեն տրանսպորտի վիճակը, քաղաքացիներին վստահություն չի ներշնչում, չեն հավատում։

Օրերս Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում անցկացրած 168.am փոքրիկ հարցման ընթացքում թոշակառուների մեծ մասն ասացին, որ չեն պատկերացնում, թե ինչպես են իրենց չնչին թոշակով հունվարի 1-ից երթևեկելու։ Հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացումն անհանգստացրել է նաև այն մարդկանց, որոնք քիչ են օգտվում տրանսպորտից, ասում են՝ մարդկանց սոցիալական վիճակը ծանր է, և թանկացումների ֆոնին թույլ չեն տալիս մարդկանց շնչել։

«Աշխատավայրս մոտիկ է, ոտքով եմ գնում, երբեմն օգտվում եմ, բայց մեկ-մեկ նյարդայնանում եմ, «30» համարի ավտոբուսին ժամերով սպասում եմ»,- նշեց մեր զրուցակիցներից մեկը։

Կարդացեք նաև

Թոշակառու կանացից մեկն էլ նշեց, որ երբեմն պոլիկլինիկա է գնում ու կանգառում ժամերով սպասում է ավտոբուսի.

«Տրանսպորտի ուղեվարձը բարձրացրեցին՝ չեմ տալու, թող ցած իջեցնեն, որտեղի՞ց տամ, թոշակով եմ ապրում՝ 33.300 դրամով։ Ասում էին՝ թանկացման դեմ սոտրագրություն են հավաքում, թող գան Բանգլադեշ՝ կստորագրեմ»։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ ամեն օր չէ, որ հանրային տրանսպորտից օգտվում է, սակայն կարծում է՝ Հայաստանում ծխախոտի ու տրանսպորտի գինը որքան էլ բարձրացնեն, մեկ է՝ քաղաքացիները կօգտվեն՝ չեն կարող չօգտվել։

«Սրանք այն ոլորտներն են, որ կուզեն աստղաբաշխական թվերով կթանկացնեն,  միևնույն է՝ մարդիկ օգտվելու են, ո՞նց կարող են չօգտվել, միշտ չէ, որ կարող են ասել՝ լավ, ամսվա մեջ մի անգամ սիգարետ կառնեմ կամ մեկ անգամ տրանսպորտից կօգտվեմ, ինչ կլինի՝ կլինի»,- նշեց նա։

Որոշ քաղաքացիներ չցանկացան խոսել տեսախցիկի առջև, ոմանք էլ կատակով ասացին, թե առողջ ապրելակերպ են վարում՝ տրանսպորտից օգտվելու փոխարեն, ոտքով են գնում։

«Մենք թոշակառուներ ենք, մեր ամենահեռու գնացած տեղը շուկան է՝ ուղղակի առողջության համար շարժումը լավ գրավական է, դրա համար տրանսպորտից չենք օգտվում»,- կատակեց մեր հարցմանը մասնակցած քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս